17 հունվարի 2014 - 11:06 AMT
Ջ.Աղայան. Արևմտահայերի կյանքի մասին պետք է պատմել 1915-ին ծնված երեխաների պատմությունների միջոցով

«Երբ գրում եմ այս տողերը, այսինքն՝ 2013-ի դեկտեմբերի 11-ին, մեզ 500 օր է բաժանում 2015-ի ապրիլի 24-ից: Հարյուր տարի առաջ երեխաներ էին ծնվում, հարսանիքներ լինում և ոչինչ չէր վկայում, որ Արևմտյան Հայաստանի կյանքը 500 օրից ընդմիշտ կփոխվի»,- գրում է Արևմտյան Հայաստանի ժողովրդագրության հետազոտող Ջորջ Աղայանը Մասաչուսեթսից: Ըստ նրա, ոմանք կարող են ասել, որ ամեն ինչ ավարտված է և հայերն էլ երբեք չեն վերադառնա այդ վայրեր: «Չեմ հավատում դրան: Որքան գիտեմ, մնացել են Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ վանքի եկեղեցական գրառումները: Armenian Weekly-ն սկսում է մինչև 2015-ի ապրիլի 24-ը մնացած օրերի հաշվարկն և կպատմի այն երեխաների մասին, որոնք 100 տարի առաջ ծնվել և մկրտվել են Կեսարիայում: Կոչ եմ անում բոլորին, ով տեղեկություն ունի այդ երեխաների մասին, կիսվել մեզ հետ: Ավելի նպատակահարմար է Արևմտյան Հայաստանում հայերի կյանքը ցույց տալ ոչ թե չոր վիճակագրության թվերով, այլ երեխաների և նրանց ընտանիքների պատմություններով»,- գրում է Աղայանը Armenian Weekly-ում:

Կեսարիա քաղաքը (այժմ Կայսերի) շարունակում է զգալի դերակատարություն ունենալ հայ եկեղեցու և Ստմաբուլի հայ համայնքի կյանքում, մնալով ուխտագնացության վայր, քանի որ այնտեղ է գտնվում 1191 թ. կառուցված Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Թեև եկեղեցու կառուցումը թվագրված է 1191 թվականով, որոշ տվյալներով, այն կառուցվել է դեռ 4-րդ դարի սկզբում, այնտեղ է ձեռնադրվել Գրիգոր Պարթևը՝ դառնալով առաջին կաթողիկոսը: Եկեղեցին շատ անգամ է վերանորոգվել՝ 1859, 1885, 1996 և 2009 թվականներին: 1968 թվականին եկեղեցուն կից հիմնադրվեց Գյումուշյան վարժարանը, որի տեղում այսօր ավերակներ են: Տարին մեկ անգամ եկեղեցում պատարագ է մատուցվում: