21 ապրիլի 2006 - 19:40 AMT
Ս.Ստեփանյան. Հայաստանը պետք է Թուրքիայի առջեւ դնի տարածքները վերադարձնելու հարցը
Հայաստանը պետք է Թուրքիայի առջե դնի տարածքները վերադարձնելու հարցը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ 18 երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ դա մեզ հիմք է տալիս պահանջ ներկայացնել Թուրքիային տարածքները վերադարձնելու մասին: Ս.Ստեփանյանը գտնում է, որ այդ հարցում կարեւոր դերակատարություն պետք է ունենան սփյուռքը եւ հայ դիվանագետները: «Մենք չպետք է սպասենք, մինչեւ որ բոլոր երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Հայերի դիվանագիտական աշխատանքը պետք է ուղղված լինի կորցրած տարածքները վերադարձնելուն: Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի բարբարոսական վերաբերմունքն այս հարցի հանդեպ մինչ այժմ չի փոխվել: Հակառակը, երբ հայերը խոսում են հայ-թուրքական սահմանի բացման կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, Թուրքիան Հայաստանի առջեւ հարց է բարձրացնում Հայոց ցեղասպանության ճանաչման արշավից հրաժարվելու մասին»,-նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: