17 հունվարի 2014 - 14:35 AMT
Նալբանդյանն ու Մամեդյարովը հաջորդ շաբաթ կհանդիպեն Փարիզում

Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Փարիզում, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրի վրա հղումով:

Հանդիպմանը նախարարները կշարունակեն քննարկումները, կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ավելի վաղ Պերուի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում կայանալու է նրա հանդիպումը Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Հունվարի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալթերը Բեռնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ւգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ): Հանդիպմանը քննարկվել է Շվեյցարիայի, որպես ԵԱՀԿ գործող նախագահի, և Մինսկի խմբի համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դիդիե Բուրկհալթերը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերի համար: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Դեկտեմբերի 15-19-ը տարածաշրջան կատարած այցի ավարտին դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ կողմերին կոչ էին անում «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու աշխատել մթնոլորտի պահպանման վրա, որը նպաստում է բանակցությունների առաջընթացին»:.