18 հունվարի 2014 - 13:27 AMT
Թեհրանը գտնում է, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումը հնարավոր է տարածաշրջանային մակարդակով

«Ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային անվտանգությունը»,-հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը:

«Թրենդ» ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում, մեկնաբանելով Իրանի ու Թուրքիայի համագործակցության հավանականությունը ղարաբաղյան կարգավորման հարցում՝ դեսպանն ասել է. «Մենք գտնում ենք, որ օգտագործելով տարածաշրջանային հնարավորությունները, կարելի է ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ տարածաշրջանի երկրների ներգրավվածությունը դրական է գնահատում»:

Հավելենք, որ օրերս, անդրադառնալով «ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում՝ Մոհսեն Պակ Այինը նշել է. «Իրանի դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելը խոչընդտում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությանը, այլ նաև խոշոր տնտեսական նախագծերի իրականացմանը», հայտնում է Panorama.am-ը: