20 հունվարի 2014 - 17:37 AMT
Բաքուն իր դիվերսիաներով փորձում է ձախողել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Հայաստանի հետ սամանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը միտված են այս շաբաթ ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայանալիք բանակցությունները խանգարելուն: Նման եզրակացության են եկել ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ղարաբաղի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, որը հանգեցրել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան։ Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր ստորագրեց, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

Նախարարներն ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես արդեն հայտնի է, Էդվարդ Նալբանդյանն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կհանդիպի այս շաբաթ Ֆրանսիայի մայրաքաղաքում: Հանդիպմանը նաև կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Սա առաջին ադրբեջանական դիվերսիան չէ նոր մեկնարկած տարում: Հունվարի 10-ին ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ էր բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:

Հունվարի 9-ին կենտրոնական հավաքակայան այցին լրագրողների հետ զրույցում ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել էր ադրբեջանցիների կողմից հրադադարի պարբերաբար խախտմանը. «Վերջին երկու ամիսներին գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»,- նշել էր նախարարը:

Ի դեպ, դեկտեմբերի 15-19-ը տարածաշրջան կատարած այցի ավարտին, դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ կողմերին կոչ էին անում «ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու աշխատել մթնոլորտի պահպանման վրա, որը նպաստում է բանակցությունների առաջընթացին»: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու համանախագահները հանդիպել են ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանի նախագահների հետ: