21 հունվարի 2014 - 23:09 AMT
Սոչիի Օլիմպիադային մնացին հաշված օրեր․ Հայաստանի 4 պատվիրակի անունները հայտնի են

Սոչիի Օլիմպիադայում Հայաստանը 4 պատվիրակ կունենա՝ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանն էու դահուկորդներ Կատյա Գալստյանը, Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: Որոշումը կայացվել է այսօր` հունվարի 21-ին, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում։ Միջազգային ֆեդերացիան չորս ուղեգիր էր տրամադրել, որոնցից երկուսը մարզիկներ Արթուր Եղոյանն ու Սերգեյ Միքայելյանը նվաճել էին վարկանիշով:

Հայաստանը պետք է մինչև հունվարի 27-ը միջազգային ֆեդերացիա ներկայացնի իր չորս ներկայացուցչի անունները:

Օլիմպիադան փետրվարի 7-ից՝ 23-ն է։ Հիմնականում խաղերը կանցնեն Սոչիում, միայն որոշ սպորտաձևերի մրցաշարեր կկայանան Կրասնայա Պոլյանա բնակավայրում։

Սոչին որպես 2014-ի Օլիմպիադայի մայրաքաղաք ընտրվել է 2007-ի հուլիսի 4-ին Գվատեմալայում ՄՕԿ-ի 119-րդ սեսիային։ Ռուսաստանում խաղերը կկայանան արդեն երկրորդ անգամ (դրանից առաջ Մոսկվայում 1980-ին անցել է XXII Ամառաին Օլիմպիադան)։ Խաղերի ավարտին նույն տեղում կանցնեն նաև 2014-ի Ձմեռային պարալիմպիական խաղերը։ Երկուսի նախապատրաստմամբ էլ զբաղվում է «Սոչի 2014» կազմկոմիտեն:

Նախորդ՝ 2010-իՎանկուվերի խաղերի համեմատ մրցույթների քանակն այս տարի ավելացել է 12-ով, 98 կոմպլեկտ մեդալ է հանձնվելու։

2010-ի մարտի 1-ին Ձմեռային օլիմպիադայի փակմանը ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն օլիմպիական դրոշը փոխանցել էր Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովին։ Դրանից երեք ամիս առաջ նախագահը ներկայացրել էր օլիմպիական Սոչիի լոգոտիպը։ 2011-ին ընտրվել էին գալիք խաղերի թալիսմանները՝ Սպիտակ արջը, ձնե Հովազն ու Նապաստակը։ Խաղերի մեկնարկից 500 օր առաջ «Սոչի 2014»-ը հայտարարել էր կարգախոսը՝ «Թեժ․ ձմեռային․ քոնը»։

Խաղերի ջահի փոխանցումավազքը Մոսկվայում մեկնարկել էր 2013-ի հոկտեմբերի 7-ին, որտեղ հասել էր Աթենքից: Այս փոխանցումավազքն Օլիմպիադայի պատմությունում ամենաերկարն էր՝ 123 օր․ այն նաև անցել է ռեկորդային՝ 40 հազար կմ ճանապարհ:

Օլիմպիական խաղերի կազմակերպմանը 214 մլրդ ռուբլի է հատկացվել, որոնցից 100 մլրդ-ը պետական ֆինանսավորումից է, 114-ը ներդրողների հատկացրածն է։ Դրանում ներառված չէ ենթակառուցվածքի վրա ծախսված գումարը։ Ընդհանուր ծախսը մոտ 1526 մլրդ ռուբլի կամ 37,5 մլրդ եվրո է կազմում։

Օլիմպիադայի օրերին չգրանցված մեքենաները չեն կարող մուտք գործել քաղաք։ Օրինախախտողները կզրկվեն համարներից։ Ընդհանուր առմամբ, Օլիմպիադայի ընթացքում մուտքը քաղաք սահմանափակ կլինի բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար։