22 հունվարի 2014 - 14:02 AMT
Անհաջող դիվերսիայի հետևանքները. Ադրբեջանում աճում է «պատահաբար» զոհված ու վիրավորված զինվորների թիվը

Ադրբեջանում շարունակում են ի հայտ գալ զինծառայողների «պատահական» մահերի ու վիրավորումների նորանոր դեպքեր՝ միանգամայն հիմնավորված կլինի ենթադրել, որ նրանք բոլորը սպանվել կամ վիրավորվել են հունվարի 19-ից լույս 20-ի գիշերն ադրբեջանցիների ձեռնարկած անհաջող դիվերսիայի փորձի ժամանակ:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները՝ հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ կազմակերպված պաշտպանության էին անցել՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ ու հետ շպրտել իր ելման դիրքեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հայկական կողմը հայտարարել էր, որ անհաջող դիվերսիայի արդյունքում հակառակորդը սպանվածներ ու վիրավորներ ունի: Ըստ վարկածներից մեկի, խոսքը 5 սպանված ադրբեջանցու և մոտ մեկ տասնյակ վիրավորների մասին է: Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր ինչպես դիվերսիայի փաստը, այնպես էլ զոհերի ու վիրավորների մասին հաղորդագրությունները:

Սակայն, ինչպես և սպասելի էր, ադրբեջանական ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին «դժբախտ պատահարների» հետևանքով վիրավորված զինծառայողների մասին:

Արդեն հունվարի 21-ին, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին շփման գծում Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովի մասին, որը, «խախտելով անվտանգության կանոնները», հրազենային վիրավորում է ստացել իրեն իսկ ամրագրված զենքից: Ոտքի հրազենային վիրավորում ստացած զինվորը տեղափոխվել է հոսպիտալ: Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, համաձայն որիմերձճակատային գծում, որոշ տվյալների համաձայն՝ Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծի մերձակայքում, «վթարի է ենթարկվել զինվորական մեքենան»: «ՃՏՊ արդյունքում» տուժել է երեք ադրբեջանցի զինծառայող:

Այսօր՝ հունվարի 22-ին, ադրբեջանական բանակն ևս զերծ չմնաց արտակարգ պատահարներից, որոնցից մեկը մահացու ելքով էր: Ըստ APA գործակալության, «սրտի անբավարարությունից» մահացել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության N զորամասի ժամկետային զինծառայող Աքպեր Աջար օղլու Ալիևը:

Ադրբեջանական բանակի մեկ այլ զինծառայող «պատահաբար» վիրավորել էր ինքն իրեն: Ըստ հաղորդագրության, պատահարն Ադրբեջանի ՊՆ հայկական ուժերի հետ շփման գծում տեղակայված N զորամասում էր: 19-ամյա Հագանի Մանաֆ օղլու Հուսեյնովը զենքի հետ անզգույշ վարվելով, կրակել էր ինքն իր վրա: Ոտքից վիրավորված զինվորը հոսպիտալացվել էր:

Ի դեպ, երկու օրում վիրավորները չափից շատ են նունիսկ ադրբեջանական բանակի համար, որտեղ նման պատահարները սովորական են դարձել:

Հավանաբար, հանրության ուշադրությունն իր զինվորների «մասսայական վիրավորումներից» շեղելու համար, Ադրբեջանի ՊՆ-ն որոշել է ցույց տալ, որ «ադրբեջանական բանակը չի զիջում հայկականին» և հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ղարաբաղյան կողմը դիվերսիոն գործողություն է իրականացրել հարավ-արևմտյան ուղղությամբ՝ Խոջավենդի շրջանից դեպի արևմուտք: «Ադրբեջանի ԶՈւ զգոնության շնորհիվ ձեռնարկվել են պատասխան միջոցներ ու հայերը ստիպված են եղել նահանջել՝ կորուստներ կրելով» գրում է 1news.az-ը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը գրեթե բառացի արտագրված է հայկական կողմից տարածած ադրբեջանական անհաջող դիվերսիայի մասին հաղորդագրությունից:

Ի դեպ, հունվարի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այն կիրականացվի ԼՂՀ իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ ծատայությունից: ԼՂՀ ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա): ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանն և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Հազիվ թե միջնորդներն այս անգամ «նահանջեն» իրենց սկզբունքներից ու նշեն իրական մեղավորին:

Իսկ հայկական կողմն արդեն հայտարարել է, որ Հայաստանի հետ սամանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը միտված են այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայանալիք բանակցությունները խանգարելուն: Նման եզրակացության են եկել ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ղարաբաղի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին: Նախարարներն ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր անհանգստությունն էր հայտնել շփման գծում միջադեպերի վերաբերյալ: «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը խաթարում են բանակցային գործընթացը: Ափսոսում եմ այսօրվա մահվան համար»,- twitter-ի իր էջում գրել էր համանախագահը:

Ինչպես արդեն նշվել էր, Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովին հունվարի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում: Հանդիպմանը նախարարները կշարունակեն ղարաբաղյան կարգավորման քննարկումը: Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: