23 հունվարի 2014 - 17:51 AMT
Կառավարությունը հաստատել է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»

Կառավարությունը հաստատել է Մաքսային միութանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցելու «ճանապարհային քարտեզը»:

«Կառավարության որոշմամբ հաստատվել է միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել գերատեսչություններին հատուկ ուշադրություն դարձնել փաստաթղթերի թարգմանությանը:

«Կարևոր է, որ բոլոր թարգմանություններն առավելապես կոռեկտ լինեն: Այդ փաստաթղթերում ամրագրված եզրույթները մենք հիմք ենք ընդունելու հետագա աշխատանքի համար»,- ասել է Սարգսյանը, գրում է «Ինտերֆաքսը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պահանջել է խստորեն հետևել Մաքսային միությանն անդամակցության միջոցառումների ժամանակացույցին, ինչի մասին հայտարարել էր դեռ հունվարի 14-ին Մաքսային միությանն անդամակցելու նվիրված կառավարական խորհրդակցությանը: Աշխատանքային խմբերի ղեկավարները, որոնք ստեղծվել են Միությանն անդամակցելու տարբեր ուղղություններով, զեկուցել են կատարած աշխատանքի և հետագա քայլերի մասին, որոնք նախատեսում է «ճանապարհային քարտեզը»: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին շարունակել աշխատանքը, բացառելով սահմանված ժամանակացույցից շեղումները:

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատած «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մայիսին պայմանագիր կունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից»,- ասել էր վարչապետը: Նա նշել է, որ «ՄՄ գործընկերները բարձր են գնահատել մեր փորձագետների թիմի աշխատանքը»:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ «ճանապարհային քարտեզը»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Վլադիմիր Պուտինի Հայաստան պետայցի շրջանակում հայկական և ռուսական կողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել: Այդ թվում ստորագրվել են Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար: