24 հունվարի 2014 - 11:35 AMT
Հակառակորդի գնդակից գիշերն Այգեպարում աղջիկ է վիրավորվել. Ադրբեջանցիները հետ չեն մնում՝ մենք էլ վիրավոր ունենք

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ևս լարված էր հայ-ադրբեջանական սահմանին: Գիշերվանից տարածվող տեղեկությունները, որ հակառակորդը շարունակել է պարբերաբար ինտենսիվ կրակել, PanARMENIAN.Net-ին հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ինտենսիվ է եղել կրակը նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, գրում է «Անկախ»-ը:

«Հակառակորդը նպատակաուղղված ինտենսիվ կրակում էր տներին, տանիքներին: Հետևում էինք, որ կրակոցներից հանկարծ հրդեհ չբռնկվի։ Այս պահին կրակոցները դադարել են»,- նշել են Այգեպարից, գրում է Ռազմ.info-ն:

«Ներքիր Կարմիրաղբյուր» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ էլ՝ մոտավորապես մինչև առավոտվա ժամը 05:00-ն գյուղը կրակահերթի տակ է եղել: Տուժածներ չկան, բայց մի շարք տների տանիքներ են վնասվել:

Մինչև այդ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը պատմել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով անջատել են գյուղի լույսերը: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, գիշերը` գյուղի ուղղությամբ են:

Իմիջիայլոց, ադրբեջանցիներն ևս հետ չմնացին ոտքի վիրավորմամբ բնակչի մասին տեղեկությունից: Արդեն առավոտյան տարածաշրջանային հեռուստատեսությամբ հայտնել են, որ «Թովուզի շրջանում հայկական կողմի բացած կրակից վիրավորվել է տեղի 37-ամյա բնակչուհին», ու, պատկերացրեց, ևս ոտքի վիրավորում է ստացել:

Տեղեկության համաձայն, «կինը, պաշտպանվելով կրակից, գնում էր հարևանների տուն, երբ ոտքերի վիրավորում ստացավ: Նա հիվանդանոցում է, վիճակը բավարար է», գրում է Trend-ն ու հավելում, որ Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հայկական կողմը հայտարարել էր դիվերսիայի արդյունքում նաև ադրբեջանական կողմից զոհվածների ու վիրավորների մասին: Բայց Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր թե դիվերսիայի փորձի, թե վիրավոների ու զոհերի մասին փաստը: Ինչպես և սպասվում էր, ադրբեջանական մամուլում սկսվեցին հաղորդագրություններ հայտնվել «դժբախտ պատահարների» հետևանքով վիրավորված զինծառայողների մասին:

Հունվարի 22-ին մամուլի ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին, նշել էր, որ Ադրբեջանն արհամարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ խաղաղության մասին կոչերը՝ ձևացնելով, թե վերջիններս այլ կարծիք ունեն, ու որ նրանց հայտարարություններն իրեն չեն վերաբերվում: Նախարարը նաև համոզված է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ հասկանում է, բայց փորձում է իր ժողովրդի համար պատրանքնենր ստեղծել:Նալբանդյանը նշել էր նաև, որ հարցով բանակցությունները շարունակվում են:

Արդեն այսօր՝ հունվարի 24-ին, Փարիզում նա կհանդիպի Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարին։

Հունվարի 20-ի՝ լույս 21-ի գիշերը ադրբեջանցիների բացած կրակից հայկական կողմից զոհեր չկային: ԼՀՂ ՊԲ մամուլի ծառայության տեղեկացմամբ, այդ գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինուժը մոտ 240 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր անհանգստությունն էր հայտնել շփման գծում միջադեպերի վերաբերյալ:

Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը հաճախակի կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին շարունակվել էին, հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկային.

Հունվարի 23-ի կառավարության նիստում վարչապետի խնդրանքով հարցին էր անդրադարձել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշել էր, որ թշնամու կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձերի ժամանակ ադրբեջանցիները կրել են զոհեր ու վիրավորներ, որից հետո հետ են քաշվել: Նախարարի խոսքով՝ դիրքերում կրակոցներով ու խուճապահար քայլերով արտահայտված լարվածություն կա, ու ոչ միայն ԼՂ-ի շփման գծում, այլև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում: Սերյան Օհանյանի հավաստմամբ՝ անկանոն կրակոցներին հայկական կողմը չի պատասխանում՝ միայն դիպուկահարների կրակոցներին. իրավիճակը վերահսկելի է: