Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է գնահատում, չնայած, ինչպես ինքն է ասում՝ վտանգ միշտ էլ կա: «Ծառայակից ընկերներիս հետ միշտ դրան ենք պատրաստվում և միշտ պատրաստ ենք, բայց այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր ենք գնահատում»,- 2013-ի ամփոփիչ ասուլիսին ասել է գերատեսչության ղեկավարը, գրում է Tert.am-ը:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է սահամաններում ու շփման գծում որոշակի իրադարձություններով, ինչպես նաև քաղաքական բանակացային հանդիպումներով:
«Նաև կապված է հունվարին Ադրբեջանում, այսպես ասած, «սև հունվարի» գոյության հետ: Իրենք չեն հասկանում, որ այդ հունվարյան օրերին ցեղասպանություն է իրականացվել հենց հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք այդ օրերին սադրանքներ են փորձում իրականացնել: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արժանի հակահարվածից, մեծ կորուստներից հետո, նաև մտահոգություն ունենալով, որ մենք կարող ենք պատժիչ գործողություններ իրականացնել նրանց մոտ, լարվածություն է տիրում՝ արտահայտվում է անկանոն կրակոցներով»,- նախարարին մեջբերում է Panorama.am-ը:
Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ կրկնել է՝ անկանոն կրակոցներին հայկական կողմը չի պատասխանում: Ինչ վերաբերում է վերջին օրերին հյուսիս-արևելյան ուղղությամբ, Տավուշի հատվածում սահմանային լարվածությանը, նախարարը նշել է, որ կրակոցներն այդ հատվածում նորություն չեն, իսկ իրադրությունը վերահսկելի է:
«Առաջին անգամը չէ, որ կրակոցները շատանում են, դրանց մեծը մասը անկանոն են: Ասեմ, որ շատ դեպքերում մենք էլ ենք ստիպված լինում ազդել իրենց քաղաքացիական անձանց վրա՝ այդպիսով ստիպելով զինվորականներին լռել: Պետք է պատրաստ լինենք, քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ` կրակոցներ լինելու են: Ու դրանց տրվելու է համարժեք պատասխան»:
Արդեն երեք գիշեր շարունակ թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:
Անդրադառնալով 2013-ին մարդկային կորուստներին, նախարարը նշել էր, որ բանակում դրանք նվազել են 32%-ով, ու ամեն ինչ անելու են դրանք մինիմալին հասցնելու համար: Ինչ վերաբերում է բանակում որդիներ կորցրած ծնողներին, ովքեր ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության շենքի դիմաց և բողոքում են իրենց որդիների գործերով տարվող քրեական գործընթացից, նախարարը նշել է, որ այդ հարցերը քննարկելու համար հանձնաժողով է ստեղծվել, բայց դեռևս 3 դիմում է ներկայացվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Հայաստանը համարում է ճիշտ և բավարար, նշել է Սեյրան Օհանյանն ու հավելել, որ եթե նրանց գործունեությունը չլիներ, պատերազմից հետո այս տարիներին չէինք կարողանա թեկուզև հարաբերական խաղաղություն ապահովել: Իսկ Ադրբեջանի սադրանքների ընթացքում ՄԽ-ից ակնկալիքների մասին ասել է, որ հաճախ ենք առաջնագծում համապատասխան հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն հայտնել:
«Թեկուզ Ադրբեջանի ղեկավարությունը չի համաձայնում, բայց մենք էլ մեր կողմից, հայտնելով միջազգային կառույցներին, ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչին, միակողմանի հետաքննություններ ենք անցկացնում, հատկապես, որ իրեղեն ապացույցներ կան գործողությունների վայրում»,- ասել է նախարարը:
Սեյրան Օհանյանը նշել է, թե մեր ցանկությունը կարող է լինել, որ կոնկրետ խախտողները դատապարտվեն, իսկ խախտումների հիմքում միշտ Ադրբեջանի ղեկավարությունն ու նրանց ԶՈւ-ն է. «Կարծում եմ՝ ՄԽ-ն փորձում է հավասարակշռված մոտեցում ունենալ, որպեսզի լարվածությունը ոչ թե հասցնի բարձր մակարդակի, այլ հանդարտեցնի»:
Անդրադառնալով ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հայրենիք վերադարձին, պաշտպանության նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ արվում է հնարավորը, բայց պետական կապի բացակայությունը թույլ չի տալիս գործել արագ և անվտանգ:
Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է 2013-ի օգոստոսի 8-ից, երբ չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվել էր հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա, իբր, պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվել էր երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ ռազմագերին հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել, ինչը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վերջին անգամ ռազմագերունն այցելել են հունվարի 22-ին, իր ընտանիքի մասին տեղեկություններ փոխանցել, ինչպես նաև իրենից տեղեկատվության վերցրել: Արդեն հաջորդ օրը Երևանյան ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցչությունն Ինջիղուլյանի հարազատներին էր փոխանցել երիտասարդի թվով արդեն յոթերորդ նամակը, որտեղ նա գրել էր, որ լավ է, չանհանգտանան, ժամանակը կանցնի ու անպայման միանալու են:
Նախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի մասին՝ նշելով, որ դրա ռազմական բաղադրիչի զարգացման հիմքում առաջին հերթին կանգնած էր Հայաստանը, որն ընդհանուր տարածաշրջանային համակարգից կտրված լինելով, ցանկանում է նաև անվտանգության երաշխիքներ ապահովել այդ ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանը գործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ.
«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն էլ այսօր կողմնակից է, որ տարածաշրջանային հակամարտության խնդիրները լուծվեն խաղաղ պայմաններում: Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ում արկածախնդրություն չեն սիրում»: Սեյրան Օհանյանը խոսել է նաև այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական գործակցությունից՝ նշելով, որ այն մեր երկիրը բավական ուժեղացրել է:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ըստ նախարարի՝ Ռուսաստանի հետ բարձրացվել է անվտանգության համակարգի մակարդակը:Նա նաև ասել է, որ այդ երկրի հետ ռազմական գործակցության շրջանակում Հայաստանը շարունակելու է ձեռք բերել հեռահար հարվածային գերճշգրիտ միջոցներ:Անդրադառնալով առաջիկայում վավերացման պատրաստվող հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցության նոր պայմանագրին, համաձայն որի Հայաստանը կկարողանա զենք, զինամթերք ձեռք բերել Ռուսատանի ներքին սպառման գներով՝ Օհանյանն ասել է, որ նոր պայմանավորվածություններըոչ միայնթույլ կտաններքին գներովզինտեխնիկա ձեռք բերենլ, այլև որ երկու երկրներումերկկողմանի կազմակերպություններստեղծել:
Նախարար Օհանյանն ընդգծել է, որ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում այսօր ուշադրություն է դարձվում հատկապես հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգերի ձեռքբերմանը,ու արդեն 2014-ին այդ գործընթացն ավարտին կհասցվի: