30 հունվարի 2014 - 15:19 AMT
420 մլն դրամ հատուցված գումար. Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 5 տարեկան է

Քննության վերցված 1566 պահանջով ու ավելի քան 420 մլն դրամ հատուցված գումարով Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այս տարի տոնում է 5-ամյակը` ուրախությամբ փաստելով, որ բանկերի, վարկային կազմակերպությունների ու ապահովագրական ընկերությունների հետ խնդիրներ ունեցող քաղաքացիները սկսել են ավելի շատ իրենց վստահել:

«2009-ին մեզ չէին ճանաչում, չէին վստահում ու կասկածում էին, որ Ֆինանսական հաշտարարը կկարողանա լուծում տալ ֆինանսական կազմակերպությունների հետ առաջացող խնդիրներին»,- լրագրողներին իրենց գործունեությունը ներկայացնելիս ասաց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«Կենտրոնական բանկի հարցման համաձայն` 2009-ին մեր գրասենյակի մասին լսել էինք հարցվածների ընդամենը 12 տոկոսը, իսկ 2011-ին` արդեն 90 տոկոսը գիտեր հաշտարարի մասին: Եթե 2009-ին մեզ դիմող մարդկանց խնդիրների ընդամենը 25 տոկոսն էր մեր իրավասության շրջանակում, 2013-ին` արդեն 92 տոկոսը»,- հավելեց Սարգսյանը:

2013-ին ՖՀՀ-ն քննության է վերցրել 818 պահանջ, որոնց մեծ մասն ապահովագրական ընկերությունների դեմ է` 591, երկրորդ տեղում բանկերն են` 208 պահանջով, այնուհետ գալիս են ավոտապահովագրողների բյուրոն, գրավատներն ու վարկային կազմակերպությունները յուրաքանչյուրի դեպքում 10-ից էլ քիչ պահանջներով:

«Մարդկանց վստահության ցուցանիշը մեր գործունեության հաջողության մասին պատմող ամենախոսուն ցուցանիշն է»,- ասաց Ֆինանսական օմբուդսմենը. - «Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ մարդը գալիս է մեր գրասենյակ ու այնուհետ իր հետևից բերում է ընկերներին, բարեկամներին, գործընկերներին ու հարևաններին»:

«Մարդիկ գնում են ֆինանսական կազմակերպություն, և եթե կազմակերպությունը չի կարողանում լուծել իրենց խնդիրը, ապա սպառնում են, որ կգան հաշտարարի գրասենյակ»,- հավելեց նա:

Մեկ սենյակում մեկ աշխատակցով իր գործունեությունը սկսած ՖՀՀ-ի 20 աշխատակիցներն այսօր արդեն մի ամբողջ հարկեն զբաղեցնում ու արժանանում են միջազգային ֆինանսական այնպիսի կառույցի դրական գնահատականին, ինչպիսին Համաշխարհային բանկն է. «Անհրաժեշտ է շեշտադրել Հայաստանի ֆինանսական հաշտարարի փորձի կարևորությունը և ներդնել այն ԱՊՀ մյուս երկրներում»:

Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներում Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը միակն է, որ ծածկում է ֆինանսական ամբողջ շուկան: ՖՀՀ-ի գործունեության արդյունավետության վկայությունն է նաև, որ Հայաստանում գործող ֆինանսական կազմակերպություններից և ոչ մեկը չի հրաժարվել որևէ պահանջի հետ կապված գործակցությունից: Ընդ որում, քննության վերցված պահանջների 75 տոկոսի դեպքում խնդիրը լուծվում է հաշտեցման միջոցով:

Հաշտարարը, այդուհանդերձ, չի բավարարվում արձանագրված հաջողություններով ու փորձում է թե իրենց գործունեության, թե ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերությունների կանոնների մասին հնարավորինս շատ տեղեկություններ հանրայնացնել: Անցած տարիներին ՖՀՀ-ն Հայաստանի բոլոր մարզերի 149 ավագ դպրոցում դասընթացներ է անցկացրել ավելի քան 18 հազար աշակերտի համար, ունեցել է 70 պրակտիկանտ, կրթել 1800 ուսանողի:

«Առանց սպառողների կրթման ծրագրի չէինք ունենա այն ցուցանիշները, որոնցով այսօր հպարտանում ենք»,- ընգծեց Փիրուզ Սարգսյանը` ավելացնելով, որ այս տարի սկսելու են նոր` գյուղաբնակ բնակչության իրազեկման ծրագիր:

«Նախ, գործերի քննության ընթացքում տեսնում ենք, որ մարզաբնակների ֆինանսական գիտելիքների մակարդակը ավելի ցածր է, ու ընդհանրապես, մարզերից ավլեի քիչ դիմումներ ենք ունենում»,- նշեց ֆինանսական Օմբուդսմենը:

«Գյուղաբնակների` ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքների ավելացման անհրաժեշտության մասին ազդակներ նաև ստացանք ավագ դպրոցների աշակերտների հետ դասընթացների ժամանակ, երբ տեսնում էինք, որ մեծ ցանկություն ունեն մեր փոխանցած տեղեկությունները տանել իրենց ծնողներին»,- ասաց նա` նշելով, որ այս տարի դասընթացներ կանեն երկու մարզերում` Գեղարքունիքում ու, հավանաբար, Տավուշում: