31 հունվարի 2014 - 13:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԿԲ նախագահ. Ֆինանսական հաշտարարի գրասենյակը կայացած, եզակի կառույց է

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ու գրավատների հետ իրենց հարաբերություններում Հայաստանի քաղաքացիները արդեն 5 տարի է` միայնակ չեն` նրանց ամեն աշխատանքային օր օգնում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

Ֆինանսական ոլորտի մասին իրազեկվածության ներկա ցածր մակարդակի պայմաններում հաշտարարի գրասենյակը շատերի համար հանգրվան է` խնդիր ունենան ավանդների, վարկերի, ապահովագրական վճարների թե գրավների հետ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն արդեն «ունի ճանաչելիություն, այն կայացել է ու եզակի կառույց է»` ասում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` շնորհավորելով գրասենյակի 20 աշխատակիցներին ու ղեկավարին, ինչպես նաեւ այն բոլոր մարդկանց, որոնք 420 մլն դրամ փոխհատուցում են ստացել ֆինանսական կազմեկերպություններից հաշտարարի գործունեության անցած 5 տարիներին ընթացքում:

«Ձեր գրասենյակը ոչ միայն ֆինանսական նշանակություն ունի, այլեւ սոցիալական նշանակություն, քանի որ մեր ներդրած կարեւորագույն սկզբունքը հաշտեցման սկզբունքն է և վեճերի մեծ մասը հաշտեցման սկզբունքով է լուծվում»,-կարեւորում է Ջավադյանը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 5 տարվա ընթացքում հաշտարարի գրասենյակի քննած 1566 պահանջների 75 տոկոսին լուծում է տրվել հաշտեցման միջոցով և 68 տոկոսը բավարարվել է հօգուտ հայտատուների:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ասում են` համակարգը ամենակայացածն է Հայաստանի ֆինանսական ոլորտում, այդ պատճառով էլ մարդիկ հենց այն են վկայակոչում իրենց զգոնացնելու համար:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության իրավաբանական բաժնի պետ Մանե Մարտիրոսյանի դիտարկմամբ` հաշտարարի գրասենյակը իրավական ու ֆինանսական ոլորտի կայունացման խնդիր է լուծում:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության փոխտնօրեն, հաշտարարի գրասենյակի հետ լավագույնս համագործակցող աշխատակցի պատվոգրին արժանացած Ստեփան Մինասյանն ասում է. «Ոչ մի օրենք կատարյալ չէ, եթե լինում են բացեր, հաշտարարը ստեղծում է նախադեպեր ու այդուհետ նմանատիպ խնդիրներն այդ ձեւով են լուծվում»:

«Ֆինանսական համակարգի հաշտարարը կարողանում է ժողովրդի մեջ մտցնել այն հավատը, որ ցանկացած խնդիր լուծվելու է օրենքի համաձայն»,- հավելում է նա:

«ՎՏԲ-Հայաստան» բանկի իրավաբան Հեղինե Մելքումյանը, ով նույնպես լավագույնս համագործակցող աշխատակցի պատվոգիր է ստացել, ասում է հաշտարարի հետ համագործակցությունը երկուստեք փոխշահավետ է.

«Հաճախորդները սկսել են վստահել բանկին, դրանից զատ մենք տեսնում ենք այն խնդիրները, նույնիսկ փոքր, որ կարող են առաջանալ հաճախորդների հետ հարաբերություններում ու շտկում ենք այն և փորձում հետագայի համար կանխել»:

Ուրախությամբ լրացնելով գործընկերներին` Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն ընգծում է. «Եթե մարդիկ ուզում են, որ ֆինանսական կազմակերպությունները ձգվեն, ասում են` գնում ենք ֆինանսական հաշտարարի մոտ, ու միանգամից ֆինանսական կազմակերպությունները ձգվում են: Մարդկանց վստահության ցուցանիշը մեր գործունեության հաջողության մասին պատմող ամենախոսուն ցուցանիշն է»,- ասում է Ֆինանսական օմբուդսմենը»:

«Ֆինանսական գրագիտության բարձրացումը մեր ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկն է, մարդիկ պետք է իմանան` որտեղից ինչ վնաս կարող են ունենալ, պարզագույն օրինակ, հաշվարկեն` ունեն բավարար եկամուտ վարկ վերցնելու ու այն մարելու համար»,- խորհուրդ է տալիս նա:

Հաշտարարի գրասենյակի աշխատակից, պահանջները քննող մասնագետ Լիլիթ Սիմոնյանը ուրախ է, որ իրենց գործունեության նպաստում են ֆինանսական գրագիտության բարձրացմանը.«Քաղաքացիներն արդեն լավատեղյակ են իրենց իրավունքներից, այսինքն` երբ քաղաքացին գալիս է մեր գրասենյակ, արդեն գիտի, որ խախտված իրավունք ունի»:

Կենտոնական բանկր հարցման համաձայն` 2009-ին հաշտարարի գրասենյակի մասին լսել էինք հարցվածների ընդամենը 12 տոկոսը, իսկ 2011-ին` արդեն 90 տոկոսը: 2009-ին հաշտարարին դիմած մարդկանց խնդիրների ընդամենը 25 տոկոսն էր եղել նրանց իրավասության շրջանակներում, 2013-ին` արդեն 92 տոկոսը:

«Եթե մեր գործունեության սկզբնական շրջանում գալիս էին խեղճացած, առանց որեւէ հույսի, որ իրենց ինչ-որ բանով կօգնենք, այսօր գալիս են հստակ իրենց իարվունքների մասին իմանալու եւ ասում են, որ իրենց իրավունքը խախտվել է ու խնդրում են այն պաշտպանել»,- փաստում է Սիմոնյանը, ով վստահ է` ֆինանսական բոլոր կազմակերպություններն էլ գիտակցում են հաշտարարի գրասենյակի կարեւորությունը:

«Սպառողը գիտի, որ ֆինանսական կազմակերպության հետ խնդիր ունենալու դեպքում կա մի մարմին, որը իրեն անվճար ու արագ կպաշտպանի: Այդ ամենը իմանալով, նա ավելի վստահ է օգտվում ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից: Այսինքն` մենք ոչ միայն քաղաքացիներին ենք պաշտպանում, այլեւ խթանում ենք նրանց կողմից ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելը»,- պարզաբանում է նա:

Հայսատանի ֆինանսական հաշտարարի գործունեությունը հայտնվել է նաեւ միջազգային ֆինանսական կառույցների ուշադրության կենտրոնում, ու անգամ արժանացել Համաշխարհային բանկի դրական գնահատականին:

«Անհրաժեշտ է շեշտադրել Հայաստանի ֆինանսական հաշտարարի փորձի կարևորությունը և ներդնել այս փորձը ԱՊՀ մյուս երկրներում»,- ԱՊՀ մյուս երկրներին ուղերձ է հղել բանկը, որը ստորագրել են այդ երկրների ներկայացուցիչները:

«Մենք ամեն ինչ զրոյից ենք սկսել, թե տեխնիկական աշխատանք ենք կատարել, թե մասնագիտական աշխատանք ենք կատարել եւ թիմային աշխատանքի շնորհիվ այսօր ունենք այն, ինչ ունենք»,-հպարտանում է Լիլիթ Սիմոնյանը:

Իր թիմով մեծապես հպարտանում ու արձանագրված հաջողությունները հենցթիմային աշխատանքով է պայմանավորում նաեւ Փիրուզ Սարգսյանը.

«Ես այսօր շատ երջանիկ եմ և հպարտ եմ, որովհետեւ ունեմ շատ լավ թիմ: Մեր ղամենամեծ ու ամենակարեւոր ձեռքբերումը մեր թիմն է: Նրանցից յուրաքանչյուրն անհատապես իրենից մեծ արժեք է ներկայացնում, իսկ նրանց համադրությունը շատերի նախանձն է շարժում: Եթե չլիներ այսպիսի թիմ, չէինք ունենա նման հաջողություններ»:

2013-ին ՖՀՀ-ն քննության է վերցրել 818 պահանջ, որոնց մեծ մասն ուղղված է ապահովագրական ընկերությունների դեմ` 591, երկրորդ տեղում բանկերն են` 208 պահանջով, այնուհետ գալիս ես ավոտապահովագրողների բյուրոն, գրավատներն ու վարկային կազմակերպությունները յուրաքանչյուրի դեպքում 10-ից էլ քիչ պահանջներով:

ՖՈՏՈՇԱՐՔ