31 հունվարի 2014 - 16:35 AMT
Սպիտակ տան կայքում խնդրագրով Օբամային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հունվարի 30-ին Սպիտակ տան կայքում զետեղված խնդրագիրը կոչ է անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խնդրագիրը զետեղվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքի «We the People» բաժնում:

Խնդրագրում մասնավորապես ասվում է. «Ժխտման 99 տարի, 1,5 մլն սպանված հայեր: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դեռ չի ճանաչվել»:

Մինչ ընթացիկ տարվա մարտի 1-ը խնդրագիրը պետք է 100 հազար ստորագրություն հավաքի, հակառակ դեպքում ԱՄՆ իշխանություններն այն չեն քննի:

Ինչպես իր բլոգում գրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, նույն օրը՝ հունվարի 30-ին, ամերիկահայության նախաձեռնությամբ Թվիթերում անցկացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցողական շանթամբող՝ բոլորը գրառումներ էին անում թեմայի վերաբերյալ՝ օգտագործելով #ArmenianGenocide պիտակը։ Որպես հետևանք, այն դառավ ամենաքննարկվողներից մեկը ԱՄՆ֊-ում։

2013 թվականի ապրիլին «որպես հավատարմության ապացույց բարձրագույն իրավական արժեքներին» Սպիտակ տունը բացեց սեփական քաղաքացիական «We the People» պլատֆորմը, որտեղ ստորագրահավաքներ են անցկացվում: 13 տարեկանը բոլորած յուրաքանչյուր ամերիկացի կարող է սատարել նախաձեռնությանը կամ նոր խնդրագրի հեղինակ դառնալ՝ հավաքելով ստորագրությունների անհրաժեշտ քանակը: Պլատֆորմի անվանումը պատահական չէ ընտրված՝ We the People այս խոսքերով է սկսվում ԱՄՆ սահմանադրությունը:

Հիշեցնենք, որ Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահի թեկնածու, խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: Ընտրվելով, նա դրժեց խոստումը՝ քննադատության արժանանալով հայության կողմից: Նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին դիմում է ուղերձով ԱՄՆ հայ համայնքին՝ դիվանագիտորեն խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից, հայերեն արտասանելով՝ Մեծ Եղեռն:

Ավելին, 2013 թվականի մայիսի 13-ին ԱՄՆ նախագահի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանային բողոքարկիչ դատարանի 2012թ. որոշումը Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին:

«Իր դիրքորոշումն ըստ էության շարադրելու փոխարեն Օբաման Էրդողանի այցի նախօրեին քաղաքական նվեր արեց Թուրքիային՝ խորացնելով ամերիկյան վարչակազմի մեղսակվությունը Հայոց ցեղասպանության ուրացման հարցում, ինչպես նաև խոչընդոտելով ամերիկյան քաղաքացիներին, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով»»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Գերագույն դատարան ներկայացված գլխավոր միջնորդողի 27-էջանոց փաստաթղթում ասվում է, թե Կալիֆորնիայի օրենքը սխալմամբ է թույլ տալիս դատարաններին «եզրակացություններ անել վիճահարույց քաղաքական իրադարձությունների հիման վրա, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում գրեթե 100 տարի առաջ»:

Փաստաթուղթը նաև հղում է կատարում ԱՄՆ գործադիր իշխանության մասնակի հակազդեցությանը Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն չի նշում այդ ոճրագործության ճանաչման փաստերը, ինչպես, օրինակ, ԱՄՆ կառավարության 1951թ. մայիսի 28-ի գրավոր դիմումը Միջազգային դատարան Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասն կոնվենցիայի կապակցությամբ, որտեղ «հայերի կոտորածը Թուրքիայում» ի թիվս այլ դեպքերի բերվում է «որպես ցեղասպանության ոճրագործության ցայտուն օրինակ», ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ. ապրիլի 22-ի հայտարարությունը, որտեղ նա մասնավորապես ասաց, որ «Հայոց ցեղասպանությունը, ինչպես և կամբոջացիների ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, երբեք չպետք է մոռացվեն»: