4 փետրվարի 2014 - 10:37 AMT
Գերմանացի պատգամավորն Էրդողանին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«99 տարի առաջ երիտթուրքերի կառավարությունն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է գործել հայերի ու ասորիների նկատմամբ: Կոչ եմ անում ճանաչել XX դարի այդ առաջին ցեղասպանությունն ու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից»,- հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնյա-ժողովրդավարական միությունից ընտրված պատգամավոր Էրիկա Շթայնբախը՝ դիմելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես գրում է Haberler-ը, Շթայնբախը կոչ է արել գրել հայերի ու ասորիների ցեղասպանությունների մասին թուրքական դասագրքերում, ինչպես նաև հիշել 2007-ին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին:

Ըստ պատգամավորի, մարդկության դեմ այդ հանցագործությունը հիմնավորված և ապացուցված է փաստերով: Բունդեսթագի պատգամավորն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացմանը, որը Թուրքիան փակել է 1993-ին ղարաբաղյան հակամարտության պատճառով: