Միջազգային ամենաբարձր` AAA վարկանիշ ունեցող երկու ընկերությունների` Հայաստանի ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարևորագույն իրադարձությունն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու 2014-ին մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից` հայտարարել է Կենտրոնական բանկը փետրվարի 5-ին տարածած հաղորդագրությունում:
«Ներդրողները, այդ թվում և կենսաթոշակային ֆոնդերը, հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ ընկերության պարտատոմսերում և ապահովել կայուն եկամուտ»,- նշել է ԿԲ-ն:
2014-ի հունվարի վերջին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` (ՎԶԵԲ) առաջին անգամ հայկական դրամով հրապարակայնորեն պարտատոմսեր էր տեղաբաշխել 2 մլրդ դրամ ծավալով: 2013-ի դեկտեմբերի վերջին Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) ևս դրամով պարտատոմսեր էր թողարկել` 2 մլրդ ընդհանուր անվանական արժեքով, տեղաբաշխումը, սակայն, հրապարակային չէր եղել:
Միջազգային հզոր ֆինանսական կառույցներից երկուսի պարտատոմսերի` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ցուցակվելու և շրջանառվելու հանգամանքը, ԿԲ-ի գնահատմամբ, մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների համար նոր ներդրումային հնարավորություն է ստեղծելու:
«ՀՀ դրամով լողացող տոկոսադրույքով պարտատոմսը նորարարական ֆինանսական գործիք է և կարող է դառնալ կարևոր իրացվելիության կառավարման միջոց տարբեր ֆինանսական կառույցների համար»,- համոզված են ԿԲ-ում:
Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցի գնահատականները համահունչ են ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի մեկնաբանությանը, որն արվել է իրենց կողմից տեղաբաշխված պարտատոմսերի վերաբերյալ.
«Սա շատ կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի համար և ուղի է բացում կապիտալի ներգրավման համար նրանց, ովքեր ցանկանում են հայկական դրամով վարկեր ուղղել իրական տնտեսություն, ինչով էլ ապահովություն են երաշխավորում վարկառուների համար, որոնք ցանկանում են խուսափել արտարժութային ռիսկից»:
66 երկրում գործող ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1991-ից` օգնելով դիվերսիֆիկացնել տնտեսությունը` տարբեր ոլորտներում ներդրումներ անելով: Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 656 մլն եվրո 120 ծրագրում: ՎԶԵԲ-ին անդամակցում է 66 երկիր՝ ներառյալ Հայաստանը:
1956-ին ստեղծված ՄՖԿ-ն գործունեություն է ծավալում ավելի քան 100 զարգացող երկրում, այդ թվում՝ Հայսատանում: