6 փետրվարի 2014 - 11:54 AMT
ANCA-ն բարձրացրել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հարցը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հասարակայնության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանի թուրքական կառավարության հետ ինստիտուտի կապերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման մասին հարցը «վրդովեցրել է» Թուրքական հետազոտությունների ինստիտուտի (ITS) արխիվագետ Էդվարդ Էրիքսոնին: Էրիքսոնը սպառնացել է հեռացնել Նահապետյանին Ջորջթաունի համալսարանում իր դասախոսությունից:

Նահապետյանը հարցրել է դոկտոր Էրիքսոնին, թե արդյոք նա 1,5 միլիոն հայերի կոտորածը Ցեղասպանություն է համարում, սակայն պատասխան չի ստացել: «Մենք չենք կարող պատասխանել այդ հարցին»,-ասել է Էրիքսոնը: ITS-ը կազմակերպել էր դոկտոր Էրիքսոնի դասախոսությունը Ջորջթաունի ժամանակակից արաբական հետազոտությունների կենտրոնում նրա վերջին գրքի հրատարակությունից հետո:

ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հարցրել է, թե ինչպես է իրականության հետ առնչվում դոկտոր Էրիքսոնի պնդումը, թե պատմությունն օրակարգ ունի և որ ռեսուրսներն են որոշում քաղաքականությունն ու խնդրել է հստակեցնել Թուրքագիտության ինստիտուտի կապերը թուրքական կառավարության ու Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության հետ: Դոկտոր Էրիքսոնը խոստովանել է, որ ITS-ը հիմնվել է թուրքական կառավարության դրամաշնորհով, սակայն, նրա խոսքերով, «ITS առջև երբեք պայմաններ չեն դրվել, ինստիտուտը խամաճիկ չէ թուրքական կառավարության ձեռքում: Այն աշխատում է որպես առանձին իրավաբանական անձ, կայացնում է իր որոշումներն ու նրա օրակարգը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ Հայոց ցեղասպանության, ոչ էլ նրա ժխտման հետ»:

Քեյթ Նահապետյանը հերքել է այդ պնդումը՝ հիշեցնելով Էրիքսոնին, որ ինստիտուտի նախկին ղեկավար Դոնալդ Քվաթերթը ստիպված եղավ հրաժարվել իր դիրքորոշումից ԱՄՆ-ում այն ժամանակ Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյի հետ հանդիպումից հետո: Քվաթերթն այն ժամանակ հայտարարեց, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն նրան կանչեց դեսպանն ու հասկացրեց, որ ինստիտուտը չի ֆինանսավորվի Թուրքիայի կողմից, եթե նման հայտարարություն կրկին հնչի:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը:

Photo: ANCA