25 ապրիլի 2006 - 18:49 AMT
Հայաստանի եւ Լիտվայի նախագահները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր Երեւան է ժամանել Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը եւ տիկին Ալմա Ադամկիեն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիտվայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վալդաս Ադամկուսի առանձնազրույցը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ- լիտվական երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Վալդաս Ադամկուսի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-լիտվական բանակցություններն ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները: Հանդիպման ավարտին երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր` ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին: