7 փետրվարի 2014 - 10:50 AMT
Բարոնուհի Քոքսը պատասխանել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի նամակին The Guardian-ին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը պատասխանել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆահրադդին Ղուրբանովի նամակին, որը նա ուղարկել էր The Guardian-ին:

Բարոնուհի Քոքսը շատ կտրուկ է պատասխանել Ղուրբանովի նամակին՝ նշելով, որ անձամբ եղել է ԼՂՀ-ում 80 անգամ, ամենից հաճախ 1991-1994 թթ. և տեսել է Ադրբեջանում ազգային զտումների զոհերին, Ստեփանակերտի գնդակոծությունը «Գրադ» համակարգերից: Արձակվել էր մոտ 400 արկ խաղաղ բնակիչների վրա: «1992 թվականին Մարաղա գյուղում ես տեսել եմ ծերունիների այլանդակված դիերը, տեսել եմ իրենց տները, հարազատներին ու մերձավորներին կորցրած մարդկանց: Մի կին կորցրել էր իր ընտանիքի 14 անդամներին, այդ թվում՝ որդուն: Պարոն Ղուրբանովը հորդորում է Անաստասիա Թեյլոր-Լինդին այցելել փախստականներին Ադրբեջանում: Ես դեսպանին խորհուրդ կտամ զրուցել Մարաղայի ողջ մնացած բնակիչների հետ: Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ վերածվել է տնտեսական շրջափակման ու ռազմական սպառնալիքի միջոցով հանրապետությունը հյուծելու քաղաքականության: Ադրբեջանը շարունակում է ռազմաշունչ հայտարարությունները: Այդ քաղաքականությունը սաստկացնում է քաղաքացիական բնակչության տառապանքները, տեղահանված անձանց տառապանքները՝ արդյունքում նրանք հաճախ մնում են անորոշ կարգավիճակում ու աղքատության մեջ»,-գրել է Քոքսը: Նա նաև նշել է, որ եթե Ադրբեջանի կառավարությունը հրաժարվի ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքից, սատարի խախուտ հրադադարի պահպանմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկի, ապա խաղաղության հաստատման հավանականությունը կմոտենա և այդ դեպքում փախստականները կկարողանան վերադառնալ իրենց տները:

«Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի մասն էր, անկախություն է հռչակել, սակայն ճանաչված չէ աշխարհի ոչ մի երկրի կողմից: Բայց մարդիկ այստեղ ապրում են, ամուսնանում, երեխաներ ունենում»,- գրել է ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր-Լինդը The Guardian պարբերականում: Հրապարակմանն արձագանքել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆահրադդին Ղուրբանովը, ով բողոքել է «բրիտանացի լրագրողի ապօրինի այցելության առթիվ ու արդյունքում The Guardian-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ»: Ինչպես հայտնում է ANS Press-ը, դեսպանը մտահոգություն է հայտնել այցի և Ղարաբաղում հարսանեկան հանդիսության մասին պատմող հոդվածի ու լուսանկարների շարքի առնչությամբ:

Ադրբեջանի դեսպանն ասել էր, որ արվեստագետները պետք է անաչառ լինեն՝ պաշտպանելով յուրաքանչյուրի շահերը, ով տուժել է հակամարտության ժամանակ: « Անաստասիա Թեյլոր-Լինդը պետք է նաև Ադրբեջան այցելեր՝ ծանոթանալու համար Լեռնային Ղարաբաղի իրենց տներից արտաքսված բռնի տեղահանվածների վիճակին: Ղարաբաղյան տարածաշրջան ապօրինի այցերը չեն նպաստում խաղաղություան ու կայունության հաստատմանը»,- գրել է ադրբեջանցի դեսպանը: