6 փետրվարի 2014 - 20:33 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում կազմակերպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտակա շաբաթներին կշարունակեն Երևանի ու Բաքվի հետ բանակցությունները՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այս մասին ասվում է միջնորդների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի տարածաշրջան այցի արդյունքում ԵԱՀԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դա վերջին երկու տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների աջառին հանդիպումն էր:

Ըստ հաղորդագրության, համանախագահները կրկին վերահաստատել են մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ են արել սեփական գործողություններում ու հայտարարություններում: Կողմերը հայտարարել են, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:

«Նախևառաջ, մեր կոչն ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին. նրանց գործողություններն ապակայունացնող ազդեցություն են թողնում ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշված էր ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Համանախագահները շարունակելու են բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման շրջանակում առաջիկա շաբաթներին խորհրդակցություններ անցկացնել կողմերի հետ:

Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 4-5-ին այցելել էին Բաքու և Երևան:

Փետրվարի 5-ին Երևանում նրանք հանդիպել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Քննարկվել էին ոչ վաղ անցյալում Փարիզում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման արդյունքները, ինչպես նաև ընդգծվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:

Ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները Բաքու էին ժամանել փետրվարի 2-ին: Հաջորդ օրը նրանց էին միացել նաև Իգոր Պոպովն ու Անջեյ Կասպրշիկը: Միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին: Բաքվում Կասպրշիկն անդրադարձել էր վերջերս հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը, որի արդյունքում կորուստներ էին եղել: Նա նշել էր, որ հրադադարի խախտումներն ու կորուստները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում և սահմանին մտահոգություն են առաջացնում: Ըստ նրա, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը կարելի է կանխել՝ պահպանելով հրադադարի ռեժիմը: Կասպրշիկը նշել էր նաև, որ շփման գծում դիտարկման ժամանակ լարվածության աճի վկան է եղել:

Արդեն Երևանում ԱԳՆ շենքի մուտքի մոտ համանախագահներին ու Կասպրշիկին բողոքի ակցիայով դիմավորել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտթևի անդամները: Նրանք վանկարկում էին «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը», երբ համանախագահները ժամանել էին ու ներս մտել՝ հրաժարվելով պատասխանել ինչ-որ հարցերի:

Համանախագահներն Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել էին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նախարար Նալբանդյանը կարևորել էր ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքը, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները:

Փետրվարի 6-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն Ստեփանակերտում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Այս անգամ համանախագահներն Ստեփանակերտ չեին այցելել, պատճառը վերջիններիս տարածաշրջանային այցի օրակարգն էր:

Ավելի վաղ Անջեյ Կասպրշիկին էր ընդունել նաև ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը: Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներին՝ նշելով, որ դրանք վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին։ Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները լուրջ վնաս են հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և պետք է արժանանան վճռական դատապարտման միջազգային հանրության կողմից։ Երկուստեք կարևորվել է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման և միջադեպերի բացառելու անհրաժեշտությունը։

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: