Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարվել Հայոց ցեղասպանության ուրացումից և «առերեսվել սեփական պատմության հետ»:
Ինչպես գրում է Asbarez-ը, այցով Գերմանիայում գտնվող Էրդողանը շաբաթվա սկզբում ասել էր Մերկելին ու իշխանական Քրիստոնյա դեմոկրատների կուսակցությանն առավելապես զգուշավոր լինել իրենց որոշումներում «1915-ի իրադարձությունների» 100-ամյակի շեմին: «Գիտենք, որ ձեր երկրի բյուջեում հատկացումներ կան, նախատեսված 100-ամյա վաղեմության իրադարձությանը նվիրված միջոցառումների համար: Հորդորում եմ առավել հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել այս հարցում և կանխել Գերմանիայի կառավարության ցանկացած հատկացում»,- ասել է թուրք վարչապետը:
Ի պատասխան Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է և կառավարությունը չի կարող միջամտել բյուջեին վերաբերյալ որոշումներին: «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ: Չենք կարող Հայաստանում ապրող հայերին համեմատել աշխարհով մեկ բռնի կերպով սփռված հայերի հետ: Հայաստանում մարդիկ ապրում են ծանր պայմաններումև կոչ եմ անում ձեզ բացել սահմանը»,- ասել է Մերկելը: Էրդողանն ի պատասխան կոչ է արել Մերկելին «անարդարացի չվերաբերվել Թուրքիային»:
Մինչ այդ Բունդեսթագում Քրիստոնյա-ժողովրդավարական միությունից ընտրված պատգամավոր Էրիկա Շթայնբախը՝ դիմելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել էր. «99 տարի առաջ երիտթուրքերի կառավարությունն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է գործել հայերի ու ասորիների նկատմամբ: Կոչ եմ անում ճանաչել XX դարի այդ առաջին ցեղասպանությունն ու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից»: Ինչպես գրում է Haberler-ը, Շթայնբախը կոչ է արել գրել հայերի ու ասորիների ցեղասպանությունների մասին թուրքական դասագրքերում, ինչպես նաև հիշել 2007-ին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին:
Ըստ պատգամավորի, մարդկության դեմ այդ հանցագործությունը հիմնավորված և ապացուցված է փաստերով: Բունդեսթագի պատգամավորն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացմանը, որը Թուրքիան փակել է 1993-ին ղարաբաղյան հակամարտության պատճառով: