10 փետրվարի 2014 - 11:17 AMT
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են միջուկային օբյեկտների տեսչության հարցում

Թեհրանում ընթացող բանակցություններին Իրանի իշխանություններն ու ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները պայմանավորվածության են հասել լրացուցիչ 7 կետերի վերաբերյալ, որոնք իրանական կողմը պարտավորվում է կատարել առաջիկա երեք ամսում: Այդ մասին ասվում է ՄԱԳԱՏէ-ի և պաշտոնական Թեհրանի համատեղ հայտարարության մեջ:

Մասնավորապես, Իրանը համաձայնվել է տեղեկություններ տրամադրել դետոնատորների ստեղծման ծրագրի վերաբերյալ և ապահովել տեսուչների մուտքը Սագանդի ուրանի հանքեր: Դետոնատորներին վերաբերող կետը հատկապես կարևոր է, քանի որ կապված է Իրանում միջուկային զենքի մշակման վերաբերյալ կասկածների հետ, հայտնում է ВВС-ին:

Հայտնի է, որ ուրանի հանքը Սագանդեում ամեն տարի մոտ 60 տոննա ուրանի խտանյութ է արտադրում:

Բանակցություններում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևյալ կետերի շուրջ՝ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին նորացված տեղեկություններ կտրամադրվեն Արակի IR-40 ռեակտորի վերաբերյալ, աշխատանք կսկսվի ՄԱԳԱՏԷ-ի հետ ռեակտորի պաշտպանիչ միջոցառումների համաձայնեցման շուրջ, «կանոնակարգված մուտք կապահովիի Արդականի ֆաբրիկայում, տեղեկատվություն կհրապարակվի միջուկային նյութերի աղբյուրների մասին, այդ թվում ֆոսֆատներից ուրանի կորզման վերաբերյալ, ՄԱԳԱՏէ-ի ներկայացուցիչների համար կկազմակերպվի «տեխնիկական այց» Լաշկար Աբադի լազերային կենտրոն:

Այս բանակցությունները Թեհրանում անցնում են միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից զատ, որոնք Իրանը վարում է առաջատար երկրների վեցնյակի հետ: 2014 թվականի հունվարին ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո սկսվեց Իրանի հետ համաձայնության իրագործումը, որը միշտ պնդում էր, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

Վեցնյակի հետ Իրանի բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի փետրվարի 18-ին Վիեննայում:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: Այդ գործընթացը մեկնարկեց հունվարի 20-ին:

Շվեյցարիայի կառավարությունն արդեն կասեցրել է Իրանի հետ թանկարժեք մետաղների առևտրին վերաբերող արգելքի գործողությունը: Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը որոշել է նաև թուլացնել Իրանից նավթամթերքի տեղափոխման ու ապահովագրման հետ կապված մանրամասն զեկույցների առկայության վերաբերյալ պարտավորությունը: