11 փետրվարի 2014 - 12:02 AMT
ANCA-ն բաց նամակով դիմել է ամերիկացի օրենսդիրներին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել է ամերիկացի օրենսդիրներին Ադրբեջանում կոռուպցիայի և Իլհամ Ալիևի կողմից ժողովրդավարության ճնշման վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է, որ Իլհամ Ալիևը ճնշում է գործադրում ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների վրա հայերին առնչվող հարցերում վերջիններիս դիրքորոշման պատճառով: «Ադրբեջանն Ալիևների ընտանիքի կառավարման տակ է գտնվում: Գործող նախագահը, որը ՊԱԿ գեներալի որդի է, միլիարդատեր է դարձել պետական պաշտոնում և հաճախ հիշատակվում է որպես աշխարհի ամենաանժողովրդավարական առաջնորդ: Նրա անձնական կարողությունն ու կառավարության կոռուպցիան ցուցադրվել են CNBC-ի «Ալիևների ընտանիքն Ադրբեջանում» հաղորդման մեջ:

Արամ Համբարյանը հիշեցնում է, որ Իլհամ Ալիևի հետ է կապված աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալը, երբ նա ներում շնորհեց հայ սպային կացնահարած մարդասպանին, որը ցմահ բանտարկության էր դատապարտված: Մարդասպանը կացնահարել է հայ սպային քնած ժամանակ և ժամանակին այդ խայտառակ ոճրագործությունը դատապարտվեց նախագահ Օբամայի կողմից: «Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում վատագույններից է աշխարհում, ինչ ամեն տարի նշվում է Պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում: ԱՄՆ ժողովրդավարությունը թույլ է տալիս Ալիևի ռեժիմին ազատ գործել մեր բաց հանրության շրջանակներում, սակայն, դա չի նշանակում, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է լռեն, երբ օտարերկրացի ղեկավարները միջամտում են մեր գործերին, չեն հարգում մեր իրավունքները, չեն կիսում մեր արժեքները, հատկապես, երբ փորձում են արտահանել իրենց անհանդուրժողականությունը մեր երկիր: Նահանգների ցանկացած օրենսդիր ժողովի համար ռիսկային կլիներ կոռումպացված առաջնորդների շահերի սպասարկումը: The Washington Post-ն ու մյուս ԶԼՄ-ները հայտնել են ամերիկացի քաղաքական գործիչների հասցեին սկանդալային մեղադրանքների մասին, որոնք հայտնվել են Ադրբեջանի ազդեցության տակ:

Սակայն միևնույն ժամանակ նախորդ թեկնածուն Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար արգելափակվեց ԱՄՆ Սենատում, քանի որ մտավախություն էին առաջացնում նրա անհարիր հարաբերությունները պաշտոնական Ադրբեջանի հետ»,-գրում է Համբարյանը:

ANCA գործադիր տնօրենը կոչ է անում օրենսդիրներին չենթարկվել բռնատերին ու զերծ մնալ նրա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված ատելության արշավանքից:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը:

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարեց Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության առանց ներման հնարավորության 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վերաքննիչ դատարանը վճիռն ուժի մեջ թողեց: 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, հաջորդ օրը նա ներում ստացավ նախագահի հրամանագրով՝ ստանալով մայորի կոչում, բնակարան և աշխատավարձ բանտում անցկացրած 8 տարիների համար: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ տվյալների, Սաֆարովն արտահանձնվեց հունգարական 2-3 մլրդ եվրո արժողությամբ եվրոպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է դա: