11 փետրվարի 2014 - 15:38 AMT
Օլիմպիական Սոչիում կրկին հայկական երաժշտություն կհնչի. Այս անգամ՝ դուդուկ

Ռուս երաժիշտ Յուրի Բաշմետի հրավերով դուդուկահար Գևորգ Դաբաղյանը փետրվարի 18-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու Օլիմպիադայից մեկ օր առաջ՝ փետրվարի 6-ին, մեկնարկած Արվեստի ձմեռային 7-րդ միջազգային փառատոնի փակմանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին ասաց դուդուկահարը, փակման համերգը փետրվարի 20-ին է. այնտեղ նա կնվագի Կոմիտասի ու Վաչե Շառաֆյանի ստեղծագործություններից մի քանիսը, ելույթը մոտ 15 րոպե կտևի:

«Բաշմետի հետ արդեն 5 տարի ենք աշխատում, համատեղ համերգներ ենք ունեցել, բայց այս հրավերն ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ ուրիշ ծրագրերի էինք նախապատրաստում»,- ասաց երաժիշտը՝ հավելելով, որ հրավերը «հուզիչ ու ուրախալի է», ինչպես նաև շատ պարտավորեցնող.- «Պիտի ամեն ինչ անեմ, որ բարձր մակարդակով ներկայանամ ու բարձր պահեմ Հայաստանի անունը»:

Ի դեպ, երաժիշտը հետևում է այս օրերին Սոչիում ընթացող Ձմեռային օլիմպիադայում հայ մարզիկների ելույթներին: Ափսոսելով, որ մեր դահուկորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանն առաջին ելույթում վերջին հորիզոնականում էին (68 մասնակցից համապատասխանաբար 46-րդ ու 63-րդ տեղերում), ավելի կարևորում է մասնակցությունը՝ նշելով նաև, որ հաստատ առաջընթաց կունենանք:

Այս տարի Սոչիում անցկացվող Արվեստի ձմեռային միջազգային փառատոնն իր պատմությունում ամենաերկարն է: Փառատոնի կազմակերպիչը ռուս հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետն է, ով նաև դրա արտ-տնօրենն է: Նրա համոզմամբ, փառատոնն արդեն իր տեղն ունի ամբողջ աշխարհում: Այս տարի ծրագիրը հագեցած է՝ կինոդիտումներ, համաժողովներ, համերգներ, ցուցադրություններ, թատերական ներկայացումներ և այլն: Իմիջիայլոց, արվեստի համաժողովն անցնելու է ինչպես Սոչիի մի քանի հարթակներում, այդպես էլ Կրասնայա Պոլյանայում, իսկ հիմնական բեմահարթակը Ձմեռային թատրոնն է, որտեղ էլ Դաբաղյանը ելույթ կունենա:

Ինչպես հիշում եք, հայկական երաժշտությամբ էր մեկնարկել նաև Սոչիի Ձմեռային օլիմպիադան: Փետրվարի 7-ին՝ խաղերի բացմանը, երբ բոլորը ողջունում էին մարզիկներին, հնչեց Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը, այնուհետև, երբ ներկայացվում էր Ռուսաստանի պատմությունը, հնչեցին Առնո Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքն» ու Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»:

Լուսանկարը՝ Գևորգ Դաբաղյանի ֆեյսբուքյան էջից