11 փետրվարի 2014 - 17:19 AMT
Դեսպաններ. Ֆրանսիան կողմ է Հայաստանի մերձեցմանը Եվրամիությանը, իսկ ՌԴ-ն՝ հիացած է ՄՄ-ին ընդառաջ նրա տեմպերով

Ֆրանսիան լավ գիտի Եվրամիության հետ հնարավորինս սերտ կապեր ունենալու Հայաստանի ցանկության մասին և միշտ սատարել է նրան այդ ճանապարհին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով քննարկմանը նշել է, որ այսուհետ Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցի Հայաստանին այդ հարցում:

Դեսպանը հիշեցրել է, որ վեց տարի առաջ ԵՄ-ն վեց երկրների, այդ թվում Հայաստանի հետ ստորագրեց Արևելյան գործընկերության ծրագիրը: «Դա բավականին ծավալուն աշխատանք էր, որն իր տրամաբանական ավարտին հասավ գարնանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը 2013-ի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին փոխեց իրավիճակը: Սակայն եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Անցյալ տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունվեցին համաձայնագրեր, որոնք գործակցության նոր ոլորտներ ու եզրեր ստեղծեցին, գերակա համարվեցին դատական համակարգը, մարդու իրավունքները, պայքարը կոռուպցիայի դեմ, լավ կառավարումը և այլն: Անելիքները դեռ շատ են»,- նշել է դեսպանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Եվրամիությունը որոշել են վերանայել գործակցության հիմքերը, ինչն ավելի խորը գործակցություն կապահովի: «Հայաստանն ու ԵՄ-ն պետք է դա անեն նոր շունչ հաղորդելու համար Հայաստան-ԵՄ հարաբերություններին, որոնք երբեք էլ չեն դադարել»,- նշել է դեսպանը:

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացըշատ արագ է ընթանում: «Հիմա, երբ մշակվում են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր ասպեկտները, ակնհայտ է, որ գործընթացը շատ արագ է առաջ գնում, արդեն բազմիցս եմ օգտագործել հետևյալ արտահայտությունը՝ 7-մղոնանոց քայլերով»,- ասել է Վոլինկինը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, գրում է «Նովոստի Արմենիան»:

Ըստ նրա, Հայաստանը գիտի՝ ինչպես դա անել, այստեղ շատ լավ մասնագետներ կան, որոնց պետք չէ ամեն մի մանրուք բացատրել: «Նրանք գիտեն, թե ինչ է պետք անել, ինչ օրենսդրական, ենթաօրենսդրական ակտեր ու այլ իրավաբանական փաստաթղթեր ընդունել, ինչը մշակման կարիք ունի և ինչ խորությամբ: Հիմա այդ գործընթացը շատ արագ է գնում և միայն ուրախ կլինեմ, եթե այն ավարտին հասցվի որքան հնարավոր է սեղմ ժամկետում»,- ասել է ՌԴ դեսպանը:

Ոմանք սխալմամբ ասում են, որ սեպտեմբերի 3-ին փոխվեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը: «Կարծում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէ: Ուղղվածությունը չի փոխվել: Հայաստանը միշտ կողմնորոշված է եղել դեպի Ռուսաստանի, նրա գլխավորած ինտեգրացիոն կառույցների հետ, գործակցությունը: Կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահն ուղղակի հաստատեց այդ ուղղվածությունը՝ Ռուսաստանի հետ բարեկամության, բազմակողմ գործակցության ուղղությունը: Նրա հայտարարությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու վերաբերյալ շատ եմ կարևորում: Այն նոր խթան է Հայաստանի զարգացման համար»,- գտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

Նա հավելել է, որ այդ օրվանից ի վեր զգալիորեն ակտիվացել է երկու երկրների գործակցությունը: «Աճել են ՌԴ պատվիրակությունների քանակն ու ծավալը՝ քաղաքական, տնտեսական պատվիրակությունների, որոնք ժամանում են լուրջ խնդիրներ քննարկելու համար: Կարծում եմ, որ դա լրջորեն կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը»,-ասել է ռուս դիվանագետը:

Վոլինկինը նշել է, որ ցանկացած քաղաքական գործակցություն պետք է ամրապնդվի նաև տնտեսականով: «Այս իրավիճակում, եթե որոշակի գործակցություն ունենք քաղաքական, ռազմաքաղաքական ոլորտներում, ապա այդպիսի զարգացում պետք է լինի նաև տնտեսական ոլորտում»,- ասել է Վոլինկինը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մայիսին մենք պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից»,-ասել է վարչապետը հունվարի 23-ի կառավարության նիստում: Նա նշել է, որ «ՄՄ գործընկերները բարձր են գնահատել մեր փորձագետների թիմի աշխատանքը»: