13 փետրվարի 2014 - 17:17 AMT
Դինքի բարեկամների խումբ. Լրագրողի սպանության գործով դատավարությունը քաղաքական է

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը շարունակվում է: Ըստ ակտիվիստների ու Դինքի բարեկամների, իրենք դեմ կլինեն, որ դատական լսումները վերածվեն «հաշվեհարդարի պետության ներսում», գրում է Hurriyet Daily News-ը:

«Ելնելով նրանից, որ դատավարությունը ոչ թե իրավաբանական է, այլ քաղաքական, դատը չպետք է զոհաբերվի պետությանը»,-ասել է «Դինքի բարեկամների խմբի» մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ երկրորդ գործընթացը պետք է այնպես անցկացվի, որ գոհացնի հանրությանը: Խմբի անդամներն են սպանված լրագրողի հարազատները, գործընկերները: Նորանշանակ դատախազ Մուրատ Ինամը վերսկսեց Դինքի գործով դատավարությունն այս շաբաթ:

Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել Մուրատ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքաշին, որին հեռացրեցին պաշտոնից 2014 թվականի հունվարին: Ինամն արդեն ստացել է գործի բոլոր նյութերը: Աքաշը հեռացվեց պաշտոնից, քանի որ մտադիր էր ընդլայնել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաների ցուցակը և քանի որ, ինքն էր արտոնել «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները:

Դատարանի առջև կրկին կկանգնեն 18 կասկածյալներ, որոնցից Էրհան Թունջելն ու Էրսին Յոլչուն արդարացվեցին առաջին նիստում:

«Դինքի սպանությունից 7 տարի է անցել ու ոչինչ չի փոխվել: Մենք շատ լավ գիտենք, որ կատարվածը որոշակի պետական քաղաքականության շարունակությունն է: Դա «խորքային», կամ «զուգահեռ» պետություն չէ: Դա մեր պետությունն է իր առավել վառ դրսևորմամբ»,-ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը Ստամբուլում դատական նիստից առաջ՝ հավելելով, որ պետությունը մեղսակից է Դինքի սպանությանը բոլոր մակարդակներում:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: