17 փետրվարի 2014 - 10:51 AMT
Իսրայելյան Պետախ Տիկվայում մտադիր են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել

Իսրայելի ամենաբազմամարդ հայ համայնքը բնակվում է Պետախ Տիկվայում: Հիմնականում այստեղ ապրում են այն հայերը, որոնք Իսրայելում են հաստատվել վերադարձի մասին օրենքով, ի տարբերություն Երուսաղեմի, որտեղ հայերը բնակվում են դարեր շարունակ: Ընդհանուր առմամբ Պետախ Տիկվայում հայերի քանակը հասնում է 2000-ի, ինչը բավականին մեծ թիվ է: Փետրվարի 11-ին հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքապետ Իցհակ Բրավերմանի հետ:

Հանդիպմանը ներկա էին երեք հայկական՝ «Նաիրի», «Նոյան տապան» և «Արարատ» կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանց ներկայացրել են քաղաքապետին, պայմանավորվել գործակցության մասին, ներկայացրել իրենց նախագծերը: «Նաիրիի» հիմնադիր Արտեմ Չերնոմորյանը, մասնավորապես, պատմել է այն Բարեպաշտ հայերի մասին, որոնք փրկել են հրեաներին նացիստներից Երկրորդ համաշխարհայինի տարիներին: «Նոյան տապանի» ներկայացուցիչներ Դավիթ Գալֆայանն ու Ռոբերտ Օհանյանը ներկայացրել են երեկոյան հայկական դպրոցի և հայկական պարերի ուսուցման խմբակի իրենց նախագծերը: «Արարատի» ներկայացուցիչ Սմբատ Մխիթարյանը և «Նոյան տապանի» ներկայացուցիչ Ռոբերտ Օհանյանը Իցհակ Բրավերմանի հետ քննարկել են քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կանգնեցման հարցը:

Յադ Վաշեմի հուշահամալիրի «Խաղաղության բարեպաշտների» ցուցակում 10 հայ կա՝ Արա Ջերեձյան (1981), Երվանդ և Էլբիս Բերեքչյաններ (1982), Արամ և Ֆելիցիա Թաշչյաններ (1992), Ալբերտ և Մաքրուհի Ղուկասյաններ և նրանց դուստր Բերտան (1993), Քնարիկ Շահբազյան, Վարդան Մկրտչյան (1999), Գրիգոր Թաշչյանի ընտանիք (2002), Հարութ Քեշիշյան և Նատալիա Զագորույկո (2003), Աշխեն Հակոբյան (2010), Ջորջ Դիլսիզյան որդու՝ Անդրե-Գյուստավի հետ (2011):

1963-ի «Աշխարհի բարեպաշտների» հանձնաժողովի ստեղծումից հետո Երկրորդ համաշխարհայինի տարիներին հրեաների փրկության համար մեդալների է արժանացել 23 հազար մարդ աշխարհի 44 երկրից:

15 տարի շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները՝ Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական խմբի անդամները, տարբեր խմբակցությունների պատգամավորները, փորձել են խորհրդարանի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: 2012-ին Քնեսեթում առաջին անգամ քննարկվել էր Ցեղասպանության ճանաչման հարցը: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում ներկայացրել էր Մերեց կուսակցությունը, այն հանձնվել էր կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի քննարկման:

Photo: commons.wikimedia.org