17 փետրվարի 2014 - 15:20 AMT
ԵՄ-ն ուզում է «Արևելյան գործընկերությունն» առավել համատեղելի՞ դարձնել ՄՄ հետ

Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է ձեռնպահ մնան դիմակայության տրամաբանությունից և փորձեն առավել համատեղելի դարձնել «Արևելյան գործընկերությունն» ու Մաքսային միությունը, գտնում է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը:

«Շահագրգռված ենք, որպեսզի կոնկրետ քայլերի, գործակցության իրական օրինակների օգնությամբ ստեղծենք ընդհանուր տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Սակայն, որպեսզի դա իրականանա, պետք է հեռանալ դիմակայության տրամաբանությունից ու տեսնել, թե ինչպես կարելի է «Արևելյան գործընկերությունն» առավել համատեղելի դարձնել ՄՄ հետ»,- ասել է Ուշացկասը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մոսկվայի Քարնեգիի կենտրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԵՄ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ անհամատեղելի է համարում ՄՄ-ին որևէ երկրի անդամակցությունը, որին այս պահի դրությամբ անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրի կնքման հետ: «Արևելյան գործընկերությունը» ենթադրում է նաև սերտ տնտեսական գործակցություն Արևելյան Եվրոպայի երկրների ու Եվրամիության միջև, ՄՄ-ն ենթադրում է առավել սերտ կապեր Ռուսաստանի ու ԱՊՀ մի շարք երկրների հետ: Ուկրաինայի իշխանությունների համաձայնագիրը չստորագրելու որոշումը տառացիորեն ստորագրման օրվա նախօրեին այդ երկրում քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ:

Մինչդեռ, ինչպես հայտարարել է վերլուծաբան, ՌԴ Պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը publicdialogues.info կայքում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած բանավեճի ժամանակ, «Արևելյան գործընկերությունը», անկախ իրականացման դժվարություններից, անկախ Ռուսաստանից հնչող քննադատական գնահատականներից, դեռ վաղ է չկայացած համարել:

«Պատճառները մի քանիսն են: Առաջինը՝ ԵՄ պետությունները շահագրգռված են շարունակելու գործակցությունը հետխորհրդային երկրների հետ: Վիլնյուսում կայացած 13 երկրի ղեկավարների գագաթնաժողովից հետո Եվրամիությունը նախապատրաստեց այսպես կոչված Եվրոպական փաթեթը, որը հաշվի է առնում հետվիլնյուսյան իրողությունները:

Պայմանականորեն ասած, այդ փաթեթը կարելի է բնորոշել «Վիլնյուսից մինչև Ռիգա» կարգախոսով: Ինչպես հայտնի է, 2015-ին Ռիգայում կկայանա ԱԳ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը:

Կստացվի ինչ-որ բան, թե՝ ոչ, դեռ ոչ ոք 100-տոկոսանոց երաշխիք տալ չի կարող: Սակայն մի բան հստակ է. ԵՄ-ն շահագրգռված է կայուն հարևանության մեջ և փորձում է կառուցել քաղաքականությունն այդ ուղղությամբ իր պատկերացումների համաձայն»,- ասել է Մարկեդոնովը՝ հավելելով, որ ԵՄ հանդեպ հետաքրքրություն կա նաև «Արևելյան գործընկերության» անդամների կողմից, ճիշտ է տարբեր չափի:

Ըստ Մարկեդոնովի, որոշ երկրներ բարձր սպասելիքներ ունեն, մյուսները ղեկավարվում են շահով ու պրագմատիկ մոտեցումներով: «Սակայն, առաջնայինը բուն հետաքրքրությունն է»,- ասել է Մարկեդոնովը:

Ինչպես նշել է փորձագետը, ԵՄ հետ գործակցությունն ու ինտեգրումը Եվրոպայի հետ պահանջարկ ունեն, սակայն այդ մոտեցումը ոչ բոլորն են կիսում, կան լուրջ հակասություններ, հատկապես նույնականության ու տարածաշրջանային տարբերությունների հարցում, չկարգավորված հակամարտությունների դեպքում:

«Բնականաբար, այդ հակասությունները չեն վերանա, հետևաբար, Ռուսաստանի ու ԵՄ երկխոսությունը հետխորհրդային տարածքի ճակատագրի շուրջ ոչ թե ուղղակի ցանկալի է, այլ անխուսափելի»,- ասել է Մարկեդոնովը՝ հավելելով, որ հարցը միայն այն է, թե երբ դա կգիտակցեն երկու կողմերը և ինչ ձևաչափ կընտրեն երկխոսության համար:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մայիսին պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից»,-ասել է վարչապետը հունվարի 23-ի կառավարության նիստում: Նա նշել է, որ «ՄՄ գործընկերները բարձր են գնահատել մեր փորձագետների թիմի աշխատանքը»: