18 փետրվարի 2014 - 13:25 AMT
Ղարաբաղյան կարգավորումն անհնար է առանց ԼՂՀ մասնակցության, առավել ևս, որ Բաքվի սադրանքները խանգարում են բանակցություններին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 17-ին ընդունել է Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ Ղուլյանը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը ԼՂՀ հանդեպ՝ հյուրերի խնդրանքով ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ինչպես նշել է Ղուլյանը, լիարժեք կարգավորումն անհնար է առանց ԼՂՀ անմիջական մասնակցության:

Փետրվարի 13-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում՝ կողմ արտահայտվելով Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շուրջ լիարժեք բանակցությունների օգտին, գրել էր. «Կիպրոսցի հույներն ու թուրքերը հայտարարել են, որ սկսում են կարգավորմանն ուղղված լիարժեք բանակցություններ: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարելի անել Լեռնային Ղարաբաղի դեպքում»: Ուորլիքի գրառմանն անմիջապես արձագանքել է ԼՂՀ ԱԳՆ-ն. «Համաձայն ենք, որ ժամանակն է վերականգնել բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափը»:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը մեկնաբանել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Twitter-ի գրառումը, հայտնել է Panorama.am-ը: «Առանց Արցախի` բանակցային գործընթացի բոլոր փուլերի մասնակցության, անհնար է խոսել գործընթացի արդյունավետության մասին: Այնպես չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցություններն ավարտեն ու ղարաբաղյան կողմը միայն փաստաթուղթ ստորագրելու ֆունկցիա ունենա: Որքան շուտ Արցախը ներգրավվի բանակցություններում, այնքան լավ բոլոր կողմերի համար: Այս տեսանկյունից, ամերիկացի համանախագահի հայտարարությունը շատ կարևոր մեսիջ էր»,- նշել է Բաբայանը:

Բրիտանացի պատգամավորների հետ հանդիպմանը ԼՂՀ խորհրդարանի խոսնակը նշել է նաև, որ վերջին միջադեպերը ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, ինչպես նաև Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի դիրքորոշումը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել քննարկումներն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լոնդոնում:

ԼՂՀ ՊԲ վերջին տվյալների համաձայն փետրվարի 9-15-ը ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է մոտ 400 անգամ: Հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքից կատարվել է 2500 կրակոց:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակահատվածին: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:

Սակայն ադրբեջանական կողմը, անտեսելով հորդորներն ու պայմանավորվածությունները, շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: