18 փետրվարի 2014 - 18:51 AMT
Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները

Վիեննայում սկսվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը: Ոչ պաշտոնական հանդիպումները սկսվել են դեռևս երկուշաբթի երեկոյան:

Կողմերի գլխավոր խնդիրը համապարփակ համաձայնության հասնելն է, որը կարող է վերջնականապես երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:

Ըստ արևմտյան փորձագետների, Իրանը բարդ վիճակում է հայտնվել: «Տնտեսությունն այնքան արագ է փլուզվում, որ ուղղակի զարմանալի է: Ամեն ինչ անկում է ապրում՝ արժույթի փոխարժեքից մինչև նավթի արտադրություն: Նրանց գումարներ են հարկավոր, նոր պայմանագրեր: Իրանցիները պետք է լուծում գտնեն, պետք է շտապ համաձայնության գան»,-հայտնում է Euronews-ը: Առաջին քայլն արվել է անցյալ տարվա նոյեմբերին, երբ Իրանը խոստացավ լրջորեն կրճատել իր ծրագիրը պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց:

Դեռևս հանվել է պատժամիջոցների մի մասը՝ «վեցնյակը» սպասում է Թեհրանից իր պահանջների կատարում: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին հայտարարել է, որ Իրանը չի խախտում իր խոստումները: «Սակայն Ամերիկան թշնամաբար է վերաբերվում իսլամական հեղափոխությանն ու Իսլամական հանրապետությանը»,-ասել է նա:

Կողմերը չեն ակնկալում, որ բանակցությունները Վիեննայում հեշտ են լինելու: Թեհրանն ու «վեցնյակը» նշում են դրական դինամիկան, սակայն, դժվար թե իրանական միջուկային դոսյեն փակվի:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Այդ միջանկյալ պարտավորությունների իրագործումը սկսվել է արդեն հունվարի 20-ին:

Շվեյցարիայի կառավարությունն արդեն կասեցրել է Իրանի հետ թանկարժեք մետաղների առևտրի համար գործող արգելքը, ինչպես նաև մեղմացրել է Իրանից նավթամթերքի տեղափոխման ու ապահովագրության հետ կապված գործունեության մասին մանրամասն զեկույցների պարտադիր ներկայացման պահանջը: