19 փետրվարի 2014 - 14:05 AMT
ԱՄՆ համալսարանում Հայոց ցեղասպանության օրինակով համակենտրոնացման ճամբարների մասին դասընթաց կանցկացվի

Գարնանը ԱՄՆ Ռատգերսի համալսարանում նոր դասընթաց կսկսվի 5 տարբեր պատերազմների ժամանակ համակենտրոնացման ճամբարների ուսումնասիրության վերաբերյալ: Փիլիսոփայության դոկտոր Խաչիկ Մուրադյանը կկարդա «Սոցիոլոգիան ու համակենտրոնացման ճամբարների պատմությունը» դասընթացը Նյուարկի համալսարանում, գրում է Asbarez-ը: Դասընթացը հետևում է համակենտրոնացման ճամբարի էվոլյուցիային, սկսած ապստամբների դեմ պայքարի ռազմավարությունից՝ իսպանացիների և կուբացիների, երկրորդ անգլա-բուրական պատերազմի, ԱՄՆ և Ֆիլիպինների պատերազմի, Հայոց ցեղասպանության ու Հոլոքոսթի ժամանակ: Դասախոսությունների և միջոցառումների շարքն ու դասաշարը անցնում է համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու մարդու իրավունքների կենտրոնի (CGHR) ծրագրով Ցեղասպանության վերաբերյալ բարձրագույն դպրոցի կրթական նախագծի հետ համագործակցությամբ (GenEd - HigherEd): Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու մարդու իրավունքների կենտրոնը խրախուսում է ցեղասպանությունների, հակամարտությունների կայունության, առողջապահության ու մարդու իրավունքների հետ կապված հարցերի գիտական ուսումնասիրություններն ու կրթաթոշակներ տրամադրում: Կենտրոնը բազմաթիվ դասընթացներ, դասախոսություններ, գիտաժողովներ ու մշակութային միջոցառումներ է հովանավորել, որոնք ուղղված են եղել 21-րդ դարի ակտուալ խնդիրների ընկալմանն ու լուծմանը:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու մարդու իրավունքների կենտրոնը արդեն նաև մի քանի ծրագիր է իրականացրել կապված Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հետ: Պրոֆեսոր Մուրադյանը եղել է ծրագրի համակարգողը 2011 թվականից, նա նաև դասավանդում է հակամարտությանների կարգավորման վերաբերյալ դասընթացը Վուսթերի պետական համալսարանում: Նրա ատենախոսությունը Քլարքի համալսարանում նվիրված էր Հայոց ցեղասպանության երկրորդ փուլին:

GenEd – HigherEdնախագիծը ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը օգնում է մարդու իրավունքներ և ցեղասպանություն դասավանդող ուսուցիչներին ուսումնական նյութեր մշակելով ու տարածելով՝ ապահովելով ուսումնական ռեսուրսների մատչելիությունը, կազմակերպելով ուսումնական դասընթացներ: Կազմակերպությունը ձգտում է ընդլայնել Հայոց ցեղասպանության ընդհանուր ընկալումը Առաջին համաշխարհային պատերազմի պատմության համատեքստում և դրան հաջորդած ցեղասպանությունների օրինակով: