20 փետրվարի 2014 - 13:36 AMT
26 տարի առաջ սկսվեց անկախ Արցախի համար պայքարը, որն ավարտվեց հաղթանակով

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Այս որոշմանը հաջորդեցին բազմահազարանոց ցույցերը Ղարաբաղում ու Հայաստանում:

Ի պատասխան Ղարաբաղի հայերի խաղաղ պահանջի, որոնք կազմում էին ԼՂԻՄ բնակչության 80 տոկոսը, Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց խաղաղ բնակչության դեմ:

1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակաը անվտանգության գոտի ստեղծեց ԼՂՀ շուրջ, 1994 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի ու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ձեռք բերվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը գործում է մինչ օրս, թեև ադրբեջանական կողմը մշտապես խախտում է ռեժիմն ու ետ չի տանում դիպուկահարներին:

1992 թ. ղարաբաղյան կարգավորման համար ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում ընթանում է բանակցային գործընթացը, որի նպատակն է նախապատրաստել ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովը, որը կոչված է վերջնականապես լուծելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, փետրվարի 20-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը: «Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ եւ մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ: Դա չափազանց ծանր ու դժվարին տարիներ էին Արցախի կյանքում: Դիմակայելով անասելի զրկանքների ու փորձությունների, կրելով անդառնալի կորուստներ` մեր ժողովուրդը պահ անգամ չերկմտեց ու չընկճվեց, այլ իր քաջ զավակների կյանքի գնով, աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների միասնականության ու սխրանքի շնորհիվ կարողացավ պաշտպանել հայրենի հողը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ սերունդների հիշողության մեջ:

Անցած տարիները եկան ապացուցելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի: Արցախահայությունը շարունակում է կառուցել միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական պետություն, շարունակում է շենացնել գյուղերն ու քաղաքները, կառուցել նոր ճանապարհներ ու ջրատարներ, բնակարաններ ու հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, օրեցօր բարելավել մարդկանց կենսապայմանները»,-ասվում է Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net