20 փետրվարի 2014 - 14:26 AMT
Կառավարությունը որոշեց ստուգել մատակարարվող գազի կալորիականությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հանձնաժողով կստեղծվի, որը կստուգի հանրությանը մատուցվող գազի կալորիականության մակարդակը: Այս մասին փետրվարի 20-ի կառավարության նիստում տեղեկացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ թեև թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տրվել են, բայց դեռևս կասկածներ կան` արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն պայմաններին, որ ներկայացվել են հանրությանն ու արդյոք գազի որակը փոխվել է:

«Պարտավոր ենք այդ հարցերի պատասխանները տալ հանրությանը: Մասնագետները եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականաությունն անհնար է արհեստականորեն փոփոխել: Այն անհրաժեշտ է ավելի հանրամատչելի ներկայացնել հանրությանը»,- նշել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Վերջերս բնակիչները հաճախ բողոքում են գազի ցածր կալորիականությունից, մասնավորապես՝ վառարաններ ու անհատական ջեռուցման գազօջախներ օգտագործող քաղաքացիները: Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 11-ին մամուլի ասուլիսում պատմել էր, որ գնացել են բողոքների հետքերով, «Գազպրոմ Արմենիա»-ում մարդ գտել, որը, գործակցելով, ներկայացրել է գաղտնիքները: Նրա խոսքով, արդյունքում պարզել են, որ «Գազպրոմ Արմենիա»-ն 3 սարք է ձեռք բերել, որի միջոցով կարողանում է գցել գազի կալորիականությունը, այսինքն` «մեթանի հետ ազոտ են խառնել», հայտարարել էր Մարտիրոսյանը` ցուցադրելով լուսանկարներ, որոնցում պատկերված էին ազոտային կայաններ:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ է տվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ նշելով, որ վերջին շրջանում գազի որակի հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստանում, մասնավորապես՝ որ այն չի համապատասխանում կալորիականության ստանդարտներին:

«Նախ սահմանին գազը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտները` Հրազդանի, Երևանի ջէկերն ու Արարատի ցեմենտի գործարանը, որոնք ևս շահագրգռված են, ստուգում են անում: Չնայած դրան, այդ ամենը չի բավարարում սուբյեկտներին»,- նշել է նա:

Նազարյանը նաև հավելել է, որ անցած տարվա մայիսին գործարարների հետ հանդիպմանն առաջարկվել էր համատեղ ուժերով գազի կալորիականությունը ստուգող սարքավորումներ գնել, որոնց գինը տատանվում է 20-60 հազար դոլարի սահմաններում, սակայն դեռևս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել, գրում է «Սիվիլնեթը»: Նազարյանը նաև տեղեկացրել է, որ խիստ ձմեռվա պատճառով ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները ևս բողոքում էին գազի որակից` նշելով, որ նախորդ տարիների համեմատ ավելի շատ են գազ սպառում:

«Կարծում եմ՝ դա պայմանավորված է ձմեռով: Ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն նաև Գիտությունների ազգային ակադեմիան, Հանրային խորհուրդը, գործարարների միությունը, որպեսզի հասկանանք, էլ ինչ կարելի է անել, որպեսզի հանրության վստահությունը մեծանա»,- նշել է Նազարյանը:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մասնագետները կառավարությանը եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնել անհնար է:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխախարար Լևոն Շահվերդյան իր հերթին հիշեցրել է, որ 2000-ականների սկզբում ևս դժգոհությունների նման ալիք էր բարձրացել:

«Հիմնական բողոքը գալիս էր Հրազդանի արդյունաբերական հանգույցից: Այն ժամանակ մեր չափող սարքերն ունեինք ու իրենց էլ առաջարկեցինք այդ սարքերից ձեռք բերել, և հենց իրենց լաբորատորիան սկսեց աշխատել, խոսակցությունը վերացավ: Այնպես որ եթե նման լաբորատորիա դրվի մի արդյունաբերական հանգույցում, այս խոսակցություններին վերջ կտրվի»,- նշել է Շահվերդյանը՝ հավելելով, որ « դա ընդամենը 25-30 հազար ԱՄՆ դոլարի պատմություն է»:

«Շատ լավ, եթե ունենք շարժական լաբորատորիա, պետք է ցանկացած ահազանգին արձագանքել, գնալ, տեղում չափագրել և հանրությանը հրապարակային ձևով ներկայացնել արդյունքները»,- եզրափակել է վարչապետը:

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից:

Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրել էր 100 տոկոսի:

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։ Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Փետրվարի 3-ին ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը ստորագրահավաք էին կազմակերպել՝ առաջարկելով խորհրդարանում գազային հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով ստեղծել, որտեղ կներգրավվեն տարբեր ուժերի ներկայացուցիչներն ու կուսումնասիրվի 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքը, ինչպես նաև կպարզի գազի մեծածախ ու մանրածախ սակագնի տարբերության պատճառը: Ավելի ուշ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ մերժել էր այդ առաջարկը:

Փետրվարի 17-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին էր փոխանցել գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ խմբակցության նախագիծը: Խոստացել էին ուսումնասիրել ու հետագայում քննարկել այն:

ԱԺ քաղաքական մեծամասնությունն իր հերթին ներկայացրել էր իր նախագիծը, որը կուսումնասիրեն, կքննարկեն և նորից հետո կրկին քննարկում կլինի:

2013-ի հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն։