21 փետրվարի 2014 - 11:13 AMT
Կալիֆորնիայի Վեհաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև է ներկայացրել

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի խոսնակ Ջոն Փերեսը բանաձև է ներկայացրել, որով նահանգը հաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: AJR 35 բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նույնը պետք է անեն ԱՄՆ Կոնգրեսն ու նախագահ Բարաք Օբաման, գրում է Asbarez-ը:

2014 թվականի ապրիլի 20-26 Կալիֆորնիայում հայտարարված է «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»:

AJR 35 բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեցին 1,5 մլն հայեր՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ: «Հայերը 3000 հազար տարի ապրել էին իրենց բնօրրանում՝ Փոքր Ասիայում, սակայն ենթարկվեցին դաժան ու անարդար հալածանքների Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի շեմին և հետո: Սպանություններ են կատարվել նաև 1894-1896 թթ. և 1909 թվականին»,-ասվում է փաստաթղթում:

Բանաձևի հեղինակները հիշեցնում են Հոլոքոսթի և Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս: «Հայոց ցեղասպանության իրողությունը չճանաչել, նշանակում է էլ ավելի խորացնել փոքրաթիվ ողջ մնացածների վիշտը, նշանակում է պղծել զոհերի հիշատակը: Պետք է կոչ անել երկրների ղեկավարներին, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, որպեսզի նրանք հավանություն չտան պատմական փաստերի խեղաթյուրմանը: Մենք պետք է խուսափենք ցեղասպան գործողությունների կրկնությունից ու բացատրենք դա ամերիկյան հանրությանը: Կալիֆորնիան տուն է նաև ԱՄՆ խոշորագույն հայ համայնքի համար, հայերը հարստացրել են մեր պետությունը բիզնեսում, գյուղատնտեսության, գիտության ու արվեստի մեջ: Հաշվի առնելով այս ամենը՝ Կալիֆորնիայի նահանգը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-ասվում է բանաձևում:

Հունվարի 29-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձևին ու ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Բանաձևի հեղինակն էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Ինչպես գրում է Asbarez-ը, բանաձևը ներկայացվեց և հավանության արժանացավ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Կալիֆորնիայի պատվիրակության կազմում Քրեքորյանի Հայաստան և Արցախ կատարած այցից հետո: Պաշտոնական բանաձևն ուղարկվեց Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչություն:

Photo: commons.wikimedia.org