21 փետրվարի 2014 - 17:35 AMT
Կիևի զոհերից մեկը ևս հայ է՝ Վրաստանի քաղաքացի

Կիևում զոհվածների թվում ևս մեկ հայ կա՝ 54-ամյաԳեորգի Հարությունյաննէ, ով Վրաստանի քաղաքացի է, տեղեկացրել է Ուկրաինայի Ռովնոյի շրջանային հայ համայնքի ներկայացուցիչ Արարատ Եղիազարյանը, գրում է AnalitikaUA.net-ը:

Առավոտյան ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջի միջոցով հաղորդագրություն էր տարածել, որ Կիևում ՀՀ դեսպանատունը փորձում են ճշտել զոհվածի քաղաքացիությունը:

Փետրվարի 18-ին Ուկրաինայում սկսվեց անկարգությունների նոր ալիք: Ուկրաինայի հատուկջոկատայինները երեքշաբթի երեկոյան սկսեցին Մայդանի վրանային ճամբարի գրոհը: Կիևում փողոցային դիմակայության երկուս ու կես ամսվա ընթացքում սա ուժայինների ամենախոշոր գործողությունն էր: Այժմ Մայդանը վերածվել է մի ամրոցի, որտեղ փորձում են պաշտպանվել մնացած ցուցարարները: Ցուցարարները քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» ու պայթուցիկներ են կիրառում «Բերկուտի» դեմ, վերջիններս՝ ջրանետ մեքենաներ ու արցունքաբեր գազ:

Բացի այդ ցուցարարները նաև հրազեն են կիրառում իրավապահների դեմ՝ որսորդական հրացաններ, Կալաշնիկովի ավտոմատներ ու դիպուկահարների հրացաններ: Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Ցարյովը հայտարարեց, որ ցուցարարները Կիևի կենտրոնում արդեն զինված են նռնականետներով ու գնդացիրներով:

Մոսկվայի ժամանակով կեսօրին մոտ Ուկրաինայի իշխանությունները ցուցարարներին մեկ ժամ տվեցին արյունահեղությունը դադարեցնելու ու կորուստները հաշվելու համար, սակայն դրան ակտիվ գործողություններ իշխանությունների կողմից չհաջորդեցին:

Վերջին տվյալներով, ըստ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոյի, անկարգությունների հետևանքով սպանվածների թիվը հասնում է 80: Նա հայտնել է նաև, որ իրավապահ մարմինները զենք են կիրառել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կիևում ծայրահեղականների ու միլիցիայի բախումների հետևանքով զոհերի քանակն արդեն հասել է 77: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը: Բուժօգնության համար դիմել է մոտ 600 ցուցարար, կեսից ավելին հոսպիտալացվել է:

Հունվարի 21-ին Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ ևս մեկ հայ էր զոհվել՝ Սերգեյ Նիգոյանը: Նա Ուկրաինայի քաղաքացի էր: Ավելի վաղ նրա ընտանիքը ապրել է սահմանամերձ Տավուշի մարզում: Նա միակ երեխան էր ընտանիքում: Փետրվարի 20-ին Սպիտակում մի խումբ ակտիվիստներ «վերանվանեցին» Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունը կրող հրապարակը Սերգեյ Նիգոյանի անունով՝ ցուցանակի վրա փակցնելով ուկրաիներեն գրվածը. «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ»:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Համապատասխան հայտարարությունը զետեղվել է նախագահի կայքում:

Նախագահը նշել է, որ նախաձեռնում է վերադարձը 2004 թ. նմուշի սահմանադրությանը, ինչը նշանակում է լիազորությունների վերբաշխում նախագահից խորհրդարանին: Յանուկովիչը նաև կոչ է արել ձևավորել ազգային վստահության կառավարություն՝ չճշտելով, թե ով է լինելու նախարարների նոր կաբինետի կազմում:

Յանուկովիչի հայտարարության մեջ ոչինչ չի ասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչը պահանջում էին ընդդիմության ներկայացուցիչներն ու Եվրամիությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ միավորված ուկրաինական ընդդիմությունը հավանություն է տվել իշխանությունների հետ համաձայնությանը, որով սահմանադրական բարեփոխում է նախատեսվում, կոալիցիոն կառավարության ստեղծում ու վաղաժամ ընտրություններ: Նման որոշում են կայացրել «Բատկիվշչինա», «Ուդառ» և «Ազատություն» կուսակցությունների անդամները: Ռադայի նիստում ուրբաթ օրը փետրվարի 21-ին խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հրամանագիր է ստորագրել հակաահաբեկչական գործողության կասեցման մասին: Փաստաթուղթն արգելում է ուժայիններին կիրառել Ուկրաինայի քաղաքացիների դեմ ցանկացած զենք կամ հատուկ միջոց: Որոշումն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

Չնայած, որ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարների բանակցություններն Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության հետ ավարտված չեն, Եվրամիությունը որոշում է կայացրել Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատժամիջոցները ներառում են վիզաների հանձնման արգելք, ակտիվների սառեցում և զենքի առաքումների էմբարգո: Այն անձանց ցուցակը, թե ում վրա կտարածվեն պատժամիջոցները, չի հրապարակվում: Սակայն արդեն հասկանալի է, որ առաջին հերթին պատժամիջոցները կկիրառվեն երկրի պաշտոնյաների դեմ: Ռուսաստանը հայտարարել է, որ այդպիսի պատժամիջոցները ոչ թե ճգնաժամից դուրս գալու միջոց են, այլ շանտաժ, հայտնում է »Դելայթ նովոստին»:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է միանա միջնորդական առաքելությանը, որի նպատակն է ճգնաժամային իրավիճակի կարգավորումն Ուկրաինայում: «Հուսով եմ, որ Պուտինը գիտակցում է. եթե նա պատասխանատվության զգացումով չօգտագործի իր ամբողջ ազդեցությունը, ապա արդյունքում կստացվի, որ նա համաձայնություն տվեց հետագա արյունահեղության համար»,-հայտարարել է Շուլցը գերմանական Phoenix հեռուստաալիքի եթերում:

Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի տեղակալ Յուրի Դումանսկին հրաժարական է տվել, իր իսկ խոսքերով, զինվորականներին քաղաքացիական դիմակայության մեջ ներքաշելու քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով:

«Այսօր զինվորականներին ներքաշում են քաղաքացիական դիմակայության մեջ, ինչն անթույլատրելի է: Դա կարող է հանգեցնել ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ քաղաքացիների մահվան, ինչը չի կարելի թույլ տալ: Սա իմ դիրքորոշումն է, որպես քաղաքացու, սպայի, ղեկավարի, որը պատասխանատու է իր ենթակաների համար: Ուստի ես հրաժարական եմ տալիս»,-հայտարարել է Դումանսկին, հայտնում է Newsru.com-ը: