22 փետրվարի 2014 - 12:38 AMT
Հարավային Ամերիկայի հայերը բողոքում են ՄԻԵԴ որոշման դեմ

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (CNA) մի շարք հանդիպումներ է ունեցել Արգենտինայում և Ուրուգվայում Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ մտահոգություն հայտնելով «Փերինչեկը Շվեյցարիայի դեմ» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման վերաբերյալ, հայտնում է Agencia Prensa Armenia-ն:

Հայ դատի հանձնախումբը Շվեյցարիայի ներկայացուցչին նամակ է հանձնել՝ նշելով, որ «այդ որոշման հետևանքները աղետալի կլինեն ոչ միայն Հայոց ցեղասպանության մերժողականության դեմ ու հատուցման համար պայքարի, այլև մարդու իրավունքներին վերաբերող միջազգային իրավունքի մի շարք սկզբունքների համար: «Ուստի, հարգանքով խնդրում ենք Շվեյցարիային բողոքարկել ՄԻԵԴ որոշումը»,- ասվում է CNA նամակում: Ուրուգվայում Շվեյցարիայի դեսպան Դիդիե Փֆիրթերը խոստացել է փոխանցել այն երկրի կառավարությանը:

2013-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ, Ստրասբուրգում որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքը, որը մեղադրվում էր ռասայական խտրականության մեջ, քանի որ հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը: Դողու Փերինչեկն իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդը, մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան դիմել էր Շվեյցարիայի դատարան վերջինիս արտահայտությունների կապակցությամբ: Լոզանի դատարանը 2007-ի մարտին Փերինչեկին ճանաչեց մեղավոր ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվեց 1995-ի ուժի մեջ մտած օրենքը: Փերինչեկը հանդես եկավ հայցով՝ բողոքարկելով այդ որոշումը, պահանջելով լրացուցիչ հետազոտություններ այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց նրա բողոքը նույն թվականի հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեկը բողոքարկեց դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատեց որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին:

Փերինչեկը դիմեց ՄԻԵԴ, հղում կատարելով որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7 հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 10՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը, քննելով նրա բողոքը, հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում, որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի հանդիսանում», -ասվում է դատարանի որոշման մեջ:

«ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար խոսքի ազատության խախտման քողի տակ: Որոշումը կարող է վատ օրինակ ծառայել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար: Այն փաստը, որ դատարանի որոշոմը չի եղել միաձայն, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք պետք է մեր ջանքերն ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:

Փետրվարի 17-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) «Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով: