22 փետրվարի 2014 - 15:48 AMT
Նյու Յորքի հայերը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը կնշեն Թայմս-սքվեր հրապարակում

2014 թվականի ապրիլի 27-ին ԱՄՆ հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, նրանց ընկերներն ու համախոհները կհավաքվեն Նյու Յորքի Թայմս-սքվեր հրապարակում՝ նշելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, հայտնում է Massis Post-ը: Ապրիլին նաև նշվելու է Հոլոքոսթի օրն ու դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները:

Ելույթների հիմնական թեման լինելու են Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստերը, ժամանակակից Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, բարոյական և նյութական հատուցման պահանջը: Միջոցառումը լինելու է անվճար ու բաց, այն կնախագահեն Քոնեքթիկուտ նահանգի Հարավային համալսարանի նախագահ Մերի Փափազյանն ու դատախազ Արմեն Մաքոմբերը:

Ըստ փիլիսոփայության դոկտոր, Միչիգանի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Դենիս Փափազյանի, 1915 թվականի կոտորածը մարդկության դեմ հանցագործություն է և հստակ համապատասխանում է Ռաֆայել Լեմկինի «ցեղասպանություն» եզրույթի սահմանումին:

Փափազյանը գլխավորել է Ամերիկայի Հայկական համագումարը 1975 թվականին, երբ պարտադիր ուժ չունեցող բանաձևը, որով զանգվածային կոտորածը ցեղասպանություն էր ճանաչվում, ընդունվեց ԱՄՆ Կոնգրեսում: 1981 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարեց. «Հայոց ցեղասպանությունն ու դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները, ինչպես և Հոլոքոսթի դասերը, երբեք չպետք է մոռացվեն»: Ըստ Փափազյանի, Բարաք Օբաման կիրառում է Մեծ Եղեռն տերմինը, որը համարժեք է ցեղասպանության եզրույթին հայերեն լեզվով: «Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ դիրքորոշումը նախկինի պես զգուշավոր է ցեղասպանության բառի կիրառման հարցում, քանի որ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Թուրքիան, լինելով Մերձավոր Արևելքի կարևոր երկիր, կօտարանա»,-ասել է Փափազյանը:

Նա նաև նշեց, որ վերջին տարիներին որոշ դրական փոփոխություններ եղան թուրք առաջադեմ մտավորականության շարքերում, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Ջեմալ փաշայի թոռը բացահայտ կերպով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ բոլոր հայկական հասարակական ու եկեղեցական կազմակերպություններն ու միությունները:

Photo: Massis Post