25 փետրվարի 2014 - 12:52 AMT
ԿԽՄԿ-ն հետ կվերադարձնի գերիներին, երբ կողմերը համաձայնության գան. կարևոր է նաև գերու կամքը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան անդրադարձել է հունվարի 28-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով բանակցություններին, գրում է ադրբեջանական ANS Press-ը:Նա նշել է, որ Կարմիր Խաչը կարող է հետ վերադարձնել գերուն, երբ կողմերն այդ մասին համաձայնության գան, բայց կարևոր է նաև գերու համաձայնությունը:

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրություն: ՊՆ-ից հայտնել էին, որ այդ հատվածում տեղակայված զորամասերում ոչ մի բացակա զինվոր չկա: Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: Արդյունքներ դեռ չկան:

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունում, սակայն, այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն, գրում է Panorama.am-ը: Հարցին վերաբերյալ մեկնաբանություն է տվել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը (նախարար Սեյրան Օհանյանը նաև ղեկավարում է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը): Հովհաննիսյանի խոսքով, բանակցությունները, որպես կանոն, բավականին բարդ են ընթանում, քանի որ Ադրբեջանի հետ բանակցությունները տարվում են Կարմիր Խաչի միջոցով: Նրա խոսքով, նախարարությունն ինտենսիվ աշխատում է ԿԽՄԿ հետ, բայց այս պահի դրությամբ գերիների ճակատագրի հետ կապված որևէ նոր բան չի կարող հաղորդել:

«Նորություններ չունենք, իրական արդյունքների մասին դեռ չենք կարող որևէ բան հաղորդել»,- եզրափակել է ՊՆ խոսնակը:

Այս պահին բանակցություններ են տարվում 2013-ի օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ու Մամիկոն Խոջոյանի հարցերով:

Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է 2013-ի օգոստոսի 8-ից, երբ չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: