25 փետրվարի 2014 - 17:39 AMT
ԵԱՀԿ գործող նախագահ. Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվի

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերն ողջունել է ԵԱՀԿ-ի՝ Եվրոպայի ձգձգված հակամարտությունների հարցում լուծումներ գտնելու երկարատև պարտավորություններն ու առաջնությունները:

«Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Վրաստանի ստատուս քվոն, կամ Լեռնային Ղարաբաղի և մերձդնեստրյան հակամարտությունը հարատևի: Հարավային Կովկասի և Մոլդովայի հատուկ երկու ներկայացուցիչները պետք է աջակցեն այս հակամարտությունների կողմերին բացահայտել և իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելուն: ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ի ամենաակտիվ անդամն է և մենք լիովին հավատարիմ ենք դրա կարևոր աշխատանքին: ԵԱՀԿ-ի ջանքերը՝ շարունակվող և վերականգնվող երկխոսության հարցում ամենակարևորն է, և մենք ողջունում ենք այդ նպատակներն ու գործողությունները, որը կոորդիանցվում է ՄԱԿ-ի կողմից»,-նշել է նա:

Իր հերթին «Rwandaun.org»-ը հայտնում է, որ ՄԱԿ-ում Ռուանդայի մշտական ներկայացուցչի տեղակալ Օլիվյե Նդուհունգրեն (Nduhungirehe) ողջունել է ԵԱՀԿ-ի կարևոր դերը, որը նա կատարում է ճգնաժամերը և տարածաշրջանի հակամարտությունները կարգավորելու հարցում:

«Ողջունում ենք հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ռուանդան ակնհայտորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 2013թ հունիս 18-ին արված այն հայտարարությունը, որ միայն բանակցային կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայնության և փոխզիջման, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,-նշել է վերջինս, հայտնում է Panorama.am-ը:

Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահը twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ գոհ է նախարար Նալբանդյանի հետ բանակցութունների շարունակությամբ. «Պիտի աշխատենք խաղաղության հասնելու համար»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:

Փետրվարի 5-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվից ժամանել էին Երևան՝ հանդիպելու ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին: Մինչև այդ՝ փետրվարի 2-ին, ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները Բաքվում էին: Հաջորդ օրը նրանց էին միացել նաև Իգոր Պոպովն ու Անջեյ Կասպրշիկը: Միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին:

Բաքվում Կասպրշիկն անդրադարձել էր վերջերս հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը, որի արդյունքում կորուստներ էին եղել: Նա նշել էր, որ հրադադարի խախտումներն ու կորուստները հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում և սահմանին մտահոգություն են առաջացնում: Ըստ նրա, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը կարելի է կանխել՝ պահպանելով հրադադարի ռեժիմը: Կասպրշիկը նշել էր նաև, որ շփման գծում դիտարկման ժամանակ լարվածության աճի վկան է եղել:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին նոյեմբերի 19-ին Վիեննայում: Դա վերջին երկու տարում երկու նախագահների առաջին հանդիպումն էր:

ՀՀ նախագահն ու համանախագահներն անդրադարձել էին նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը քննարկել էին շփման գծում տիրող իրավիճակն ու դրա հետևանքները:

Անդրադառնալով հունվարին ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` նախարար Օհանյանը նշել էր, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչև այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և կարևորել նման դեպքերի հասցեագրված գնահատումն ու համանախագահներին կոչ արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:

Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Հունվարի վերջին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: