26 փետրվարի 2014 - 19:47 AMT
ԱԱԽ քարտուղարը ՀԱՊԿ-ի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ու Ուկրաինայի դեպքերի մասին

Հայաստանի գործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և Հայաստանն այդտեղ ունի լավ արդյունքներ, փետրվարի 26-ին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարևորումը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն»,- tert.am-ի հաղորդմամբ` ասել է Բաղդասարյանը` որպես առաջիկա կարևոր խնդիրներ նշելով ՀԱՊԿ-ի հետ միացյալ ավիացիայի ստեղծումն ու ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորումը։

2013-ի հոկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Ռուսաստանը կօգնի ՀԱՊԿ երկրներին ժամանակակից զենքով: «ՀԱՊԿ երկրներ արդիական զենքի և սպառազինության առաքումների ծրագիրը պատրաստ է, հաստատված է մեր երկրների նախագահների կողմից,- ասել էր նա: -Կա սպառազինության հաստատված անվանական ցանկ, այժմ հստակեցվում են այդ օգնության ժամկետները»:

Նա նշել էր, որ «ծրագիրը գտնվում է իրականացման փուլում» ու «հսկայական միջոցներ է պահանջում»: «Կարծում եմ, որ կարող է որոշակի ձգձգում լինել, հաշվի առնելով ՀԱՊԿ մի շարք պետությունների ֆինանսական հնարավորությունները»,- ասել էր Բորդյուժան:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային անդորրի խախտման դեպքերն` Բաղդասարյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ այդ մասով Հայաստանը որևէ պայմանավորվածություն չունի. «Յուրաքանչյուր սահմանային խախտման դեպքում եթե մեզ թվում է, որ ՀԱՊԿ-ը պիտի միջոցներ ձեռնարկի, սխալվում ենք, պայմանագրում նման կետ չկա»:

«Խոսքը վերաբերում է պետության դեմ զինված գործողությանը»,- պարզաբանել է նա` ընգծելով, որ նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը, ու որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:

«Քանի դեռ կա դիվանագիտական պատերազմ, քանի դեռ կա Ադրբեջանի կողմից մեր պետական սահմանների նկատմամբ ոտնձգություն, նման դեպքերը շարունակվելու են»,- ավելացրել է նա:

Հունվարի վերջին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները մի շարք այլ հարցերի հետ քննարկվել են փետրվարի 25-ին Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում ԱԱԽ անդամները նաև հավանության են արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015 թվականների միջոցառումների ցանկի» նախագիծը` գրում է panorama.am-ը:

ԵՄ-ն Հայաստանին պատրաստ է աջակցել 6 ուղղություններով` 160 գերակա խնդիրների լուծման կամ մեղմման համար` ասել է Բաղդասարյանը.

«Մենք այսօր ՄՄ-ին անդամակցելու հայտ ենք ներկայացրել, բայց միևնույն ժամանակ հայտարարվել է շարունակել ԵՄ-ի հետ սերտ գործակցությունը»,- հավելել է ԱԱԽ քարտուղարը:

Նրա փոխանցմամբ՝ ԵՄ-ի կողմից արդեն 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին կոռուպցիայի դեմ բարեփոխումների ոլորտում ու 40 մլն եվրո` հասարակական սեկտորին:

2013-ի նոյեմբերի վերջին Վիլնյուսում ԵՄ գագաթնաժողովին Հայաստանը պետք է նախաստորագրեր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը սակայն տեղի չունեցավ, քանի որ ավելի վաղ` սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնգիրը չկնքելուց հետո Ուկրաինայում ծավալված իրադարձություններին անդրադառնալով` ԱԱԽ քարտուղար Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում նման զարգացումները կարող են վտանգավոր լինել, հաշվի առնելով «դարանակալած թշնամուն» ու անվտանգության առաջնայնությունը.

«Կան մարդիկ, որոնք կուզենան Հայաստանում նման բան լինի, մենք պետք է հանգիստ մոտենանք նրանց, նաև պետք է հասկանանք, որ մեր երկրի համար էվոլյուցիոն զարգացումներն ավելի լավ են, քան ռեվոլյուցիոն»,- մանրամասնել է նա:

Լրագրողների հետ հանդիպմանը Բաղադասրյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը նվազ հանցանք գործածներին հնարավորություն կտա այլ պատժամիջոցներով պատժվել:

Ըստ ԱԱԽ քարտուղարի` Հայաստանում այսօր պատիժ է կրում 3 900 մարդ, իսկ ներդրվող համակարգի շնորհիվ նրանցից 1300-ի նկատմամբ այլ պատժատեսակ կկիրառվի, օրինակ, տնային կալանք։ Բաղդասարյանի մեկնաբանմամբ` համակարգը հնարավորություն կտա ապահովել սոցիալական արդարություն ու միևնույն ժամանակ պատժի կիրառման անխուսափելիություն: