27 փետրվարի 2014 - 21:01 AMT
Քաղաքական ճնշո՞ւմ, թե խախտումների բացահայտում. «Արարատցեմենտում» ստուգումներ են

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում ջրի անջատումով պայմանվորված արտադրության դադարեցումը, որը նրա կուսակցության ներկայացուցիչները քաղաքական ճնշման ձև են որակում, իրականության հետ կապ չունի` հայտարարել է բնապահպանության նախախարը կառավարության փետրվարի 27-ի նիստին:

«Ըստ էության, Արարատյան դաշտում իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ: Այդ մասին բազմիցս հայտարարել ենք: Բնականաբար, պետք է հայտարարեմ, որ համաձայն «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013-ի դեկտեմբերին մեզ ներկայացված տեղեկության՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում»,- նշել է նախարար Արամ Հարությունյանը` Ծառուկյանի դեմ ճնշումներn «անհիմն ու անհեթեթ մեկնաբանություններ» անվանելով:

Ըստ կառավարության տարածած հաղորդագրության` բնապահպանույան նախարարը ներկայացրել է, որ ցամաքուտային համակարգից կատարված թեստային անջատումների շնորհիվ հայտնաբերվել են անօրինական ջրօգտագործողներ, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններ:

«Եվ եթե համեմատենք այդտեղ եղած և գործարանի արտադրական նպատակով օգտագործվող ջուրը, կարելի է 200-ապատիկով համեմատել, այսինքն` գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ այստեղ այդ համակարգերով այս պահի դրությամբ մոտ 1500-2000 խմ ջուր է հոսում»,- եզրափակել է Հարությունյանը` անիմաստ համարելով այս ամենը քաղաքականացնելը:

Փետրվարի 15-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են ծառացած Հայաստանում իրականացվող տնտեսական ու սոցիալական «անպտուղ» քաղաքականության պատճառով ու հավաստիացրել, որ պատրաստ է «ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»: «Չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում»,- նշել էր Ծառուկյանը։

Այդ հայտարարությունից մի քանի օր անց փակվել և դրոշմվել էր «Արարատցեմենտ» գործարանին և հարակից բնակավայրերին ջուր մատակարարող ջրանցքի պոմպակայանը։

Կուսակցության անդամ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ «անմիջական կապ» է տեսնում ԲՀԿ-ի փետրվարի 15-ի համագումարում հնչեցված հայտարարությունների և Ծառուկյանին պատկանող գործարանի աշխատանքը խոչընդոտելու փորձերի միջև։

«Ակնհայտ է մեկ բան, որ համագումարում հնչած որոշ ձևակերպումներ, որոշ ելույթներ ուղղակիորեն նման հակազդեցություն են առաջացրել, և այո, ես համաձայն եմ այն վերլուծաբանների հետ, որոնք «Արարատցեմենտում» տեղի ունեցածը համարում են «դեղին քարտ»՝ ցույց տված Գագիկ Ծառուկյանին»,- իր դիրքորոշումն էր պարզաբանել Զոհրաբյանը:

Ջրի մատակարարման դադարեցումից հետո «Արարատցեմենտում» նաև ստուգումներ են սկսվել ոստիկանության ու բնապահպանության տեսչության աշխատակիցների կողմից:

Այսօրվա կառավարության նիստից հետո խնդիրը պարզաբանել է նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշել է, որ Արմավիրի և Արարատի մարզի մոտ 120 կազմակերպություն, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում, ջրառի ծավալները խախտելու համար հայտնվել են քրեական գործով անցնելու ռիսկի տակ, այդ թվում նաև «Արարատցեմենտը», գրում է Panorama.am-ը:

Կոստանյանը վստահեցրել է, որ «հիմնավոր կասկածներ չկան պնդելու», որ ջրազրկումն ու ստուգումները «քաղաքական ենթատեքստ ունեն»:

«Վստահ եմ, որ այլ պայմաններում խտրականության մասին կարելի էր խոսել, եթե բոլոր մյուս կազմակերպություններում իրականացնեինք այդ քննչական գործողությունները և «Արարատցեմենտում» չիրականացնեինք: Այդ պայմաններում արդեն բոլորիդ մոտ կառաջանար խտրական մոտեցման պատճառների մասին հարցը»,- նշել է գլխավոր դատախազը:

Նա տեղեկացրել է, որ երեք ուղղություններով ներկայում իրականացվում է քննություն քրեական գործի շրջանակներում` ապօրինի խորքային հորերի առկայություն, առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման փաստեր և ժամկետանց ջրօգտագործման պայմանագրերի առկայությամբ ջրօգտագործման փաստեր: