28 փետրվարի 2014 - 17:49 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունը կրկին հաստատում է` ղարաբաղյան հակամարտությունն ուժային լուծում չունի

Մարդկանց ողբերգական մահվան դեպքերը ղարաբաղյան հակամարտության գոտում հերթական անգամ հիշեցնում է, որ հակամարտությունը չի կարող ուժային լուծում ունենալ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: Ըստ նրա, միայն երկարաժամկետ ու խաղաղ կարգավորումը կարող է կայունություն բերել տարածաշրջանին, բարգավաճում ու հաշտեցում: «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, կշարունակի աշխատանքը երկու կողմերի հետ խաղաղության հաստատելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերն ողջունել է ԵԱՀԿ-ի՝ Եվրոպայի ձգձգված հակամարտությունների հարցում լուծումներ գտնելու երկարատև պարտավորություններն ու առաջնությունները:

«Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Վրաստանի ստատուս քվոն, կամ Լեռնային Ղարաբաղի և մերձդնեստրյան հակամարտությունը հարատևի: Հարավային Կովկասի և Մոլդովայի հատուկ երկու ներկայացուցիչները պետք է աջակցեն այս հակամարտությունների կողմերին բացահայտել և իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելուն: ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ի ամենաակտիվ անդամն է և մենք լիովին հավատարիմ ենք դրա կարևոր աշխատանքին: ԵԱՀԿ-ի ջանքերը՝ շարունակվող և վերականգնվող երկխոսության հարցում ամենակարևորն է, և մենք ողջունում ենք այդ նպատակներն ու գործողությունները, որը կոորդիանցվում է ՄԱԿ-ի կողմից»,-նշել է նա:

Փետրվարի 22-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահը twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ գոհ է նախարար Նալբանդյանի հետ բանակցութունների շարունակությամբ. «Պիտի աշխատենք խաղաղության հասնելու համար»,- նշել է Ջեյմս Ուորլիքը: Փետրվարի 5-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվից ժամանել էին Երևան՝ հանդիպելու ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին: Մինչև այդ՝ փետրվարի 2-ին, ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները Բաքվում էին: Հաջորդ օրը նրանց էին միացել նաև Իգոր Պոպովն ու Անջեյ Կասպրշիկը: Միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին: Կասպրշիկը նշել էր նաև, որ համանախագահները կշարունակեն բանակցություններն Երևանի ու Բաքվի հետ, նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին նոյեմբերի 19-ին Վիեննայում: Դա վերջին երկու տարում երկու նախագահների առաջին հանդիպումն էր:

ՀՀ նախագահն ու համանախագահներն անդրադարձել էին նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար: Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն զինված հակամարտությունների մասնակիցներին կոչ էր արել խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել, անկախ երկրից:

Հունվարի վերջին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: