Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջապես նոր գլխավոր մարզիչ ունի՝ 62-ամյա շվեյցարացի Բեռնար Շալանդն է:
Ինչպես Արմենիա TV-ի ուղիղ եթերում նշել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստանի հետ ընկերական հանդիպմանը հավաքականին առայժմ կպատրաստի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
«Այնուհետև Մինասյանն իր աշխատանքը կշարունակի հավաքականի տեխնիկական մարզչի կարգավիճակում»,- նշել է Հայրապետյանը։
Սովետական Միության անկումից հետո Հայաստանի հավաքականը խաղացել է իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի դեմ 1992-ի հոկտեմբերի 12, գլխավոր մարզիչն Էդուարդ Մարգարովն էր։ Հավաքականի վերջին գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր, ով հավաքականը մարզում էր 2009-ից։
Մինասյանի պայմանագիրն ավարտվել է 2013-ի հոկտեմբերի 31-ին, բայց մինչև այդ՝ հոկտեմբերի 21-ին, նա հայտարարել էր, որ չնայած ՀՖՖ-ն առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել հավաքականը, հրաժարվել է առաջարկից։ Մինասյանը նշել էր, որ իր կարիերայի համար այլ շարունակություն է տեսնում:
Ընտրական փուլի արդյունքում ընտրական B խմբում հաղթել էր 22 միավոր վաստակած Իտալիայի հավաքականը։ Երկրորդ տեղը 16 միավորով զբաղեցրել են դանիացիները, երրորդը` 15 միավորով չեխերը։ Բուլղարիայի և Հայաստանի հավաքականները վաստակել էին 13–ական միավոր։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Շալանդը խաղացել է «Լե լոկլ», «Բուդրի», «Սուպերգա» ակումբներում: Վերջինը եղել է UGS-ը, որտեղ էլ լուրջ վնասվածքի պատճառով ավարտել է կարիերան:
Մարզչական կարիերան սկսել է 1978-ին՝ «Սենտ-Իմյեր» թիմում, որի հետ 2 անգամ ճանաչվել Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող: 1982-ից 1985-ն գլխավորել է նույն «Լե լոկլ»-ը: Շալանդն աշխատել է շվեյցարական ակումբներում: 1995-1996 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականը, 2001-2007 թթ․՝ երիտասարդական հավաքականում էր: 2007-ին «Ցյուրիխի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Լյուսեն Ֆավրեին, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում նրա գլխավորությամբ «Ցյուրիխը» 1:0 հաշվով հաղթել է «Միլանին»: 2009-ին «Ցյուրիխը» նրա ղեկավարությամբ երկրի չեմպիոն է դարձել, այդ տարի Շալանդը ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն մարզիչ: Արդեն 2011-ին գլխավորել է «Սյոնը», որի հետ նվաճել է Շվեյցարիայի գավաթը։ Շալանդի վերջին ակումբը շվեյցարական «Յանգ Բոյզն» էր: