3 մարտի 2014 - 14:28 AMT
Novate.ru. Հին Ջուղայի խաչքարերն ընդգրկվել են վանդալիզմի զոհ դարձած արվեստի 5 նշանակալի գործերի ցանկում

Ռուսական novate.ru կայքը հրապարակել է «21-րդ դարում վանդալիզմի ենթարկված արվեստի 5 նշանակալի գործերի» ցուցակը՝ ներառելով նաև Նախիջևանի Հին Ջուղայի խաչքարերը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «երկար ժամանակ հայերը կազմել են այժմ Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի մարզի բնակչության զգալի մասը: Սակայն 21-րդ դարի սկզբում այդ ներկայության մասին հիշեցնում են միայն հայ ճարտարապետության ավերակներն ու բազմաթիվ գերեզմանոցները, որից ամենամեծը գտնվում էր Ջուղա քաղաքի մոտ»:

«20-րդ դարի վերջում այդ գերեզմանոցում պահպանվել էին շուրջ 2 հազար խաչքարեր: Դրանք ոչնչացնելու առաջին փորձը տեղի ունեցավ 1998 թվականին, սակայն կասեցվեց համաշխարհային հանրության կտրուկ բացասական արձագանքի պատճառով: Վանդալիզմի ևս մեկ զանգվածային գործողություն տեղի ունեցավ 2002 թվականին, իսկ վերջնականապես «հայկական հարցը» Ջուղայում «լուծվեց» 2005-ին, երբ ադրբեջանցի զինվորները ամբողջությամբ քանդեցին ու ավերակների վերածեցին խաչքարերը, իսկ տեղում հրաձգարան հիմնեցին: Պաշտոնական Ադրբեջանը, անկախ բազմաթիվ ապացույցներից, ժխտում է վանդալիզմի փաստը, ինչպես և Նախիջևանի հայկական պատմությունն ընդհանուր առմամբ»,-ասվում է հրապարակման մեջ:

Խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվեց Հին Ջուղայում դեռ 1998 թվականին, երբ ադրբեջանցի զինվորները բուլդոզերներով հարթեցրին հայկական գերեզմանոցի տարածքը: Այդ գործողությունները, որ կասեցվել էին միջազգային բողոքի ալիքի պատճառով, վերսկսվեցին 2003-ին: Շատ խաչքարեր հողին հավասարեցվեցին, մնացին հողի տակ, մյուսները ջարդեցին ու գցեցին Արաքս գետը: 2005-2006 թթ. հայկական գերեզմանոցն ոչնչացվեց ամբողջությամբ: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԱՄՆ Արևմտյան ափի Համահայկական կրթական ու մշակութային ասոցիացիայի հետ համատեղ փաստաթուղթ է ներկայացրել շուրջ 5000 հազար միջնադարյան խաչքարերի ոչնչացման մասին: Ըստ Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի, խաչքարերի ոչնչացումը կազմակեպել էին Ադրբեջանի իշխանությունները:

Ադրբեջանի կազմում Նախիջևանի գտնվելու տարիներին ոչնչացվել են VII-XIX դարերի հայկական մշակութային ժառանգության 27 հազար նմուշներ՝ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, որոնք համամարդկային արժեք ունեն: Փաստորեն Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում է Նախիջևանի հայկական պատկանելության բոլոր վկայությունների ոչնչացման քաղաքականություն:

2006 թվականին Երևանում ցուցադրվեց «Ջուղա՝ ընդհատված մեղեդի» փաստագրական ֆիլմը, որը պատմում է Նախիջևանի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների մասին: Ֆիլմի հեղինակ ու ռեժիսոր, հայագետ Արգամ Այվազյանն այն նկարահանել է 2003 թվականին՝ Ջուղա այցելության ժամանակ: Ֆիլմում առանձնակի տեղ է հատկացված խաչքարերին ու հայկական եկեղեցիներին: