4 մարտի 2014 - 12:33 AMT
ՄՃԽ հերթական զեկույցը Ղարաբաղի մասին ակնհայտի հերթական արձանագրումն է

Միջազգային ճգնաժամային խումբն (ՄՃԽ) իր հերթական զեկույցում չի անտեսել իրավիճակը նաև ղարաբաղյան հակամարտության գոտում: Ինչպես ասվում է Խմբի կայքում տեղադրված զեկույցում, փետրվարի սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին բանակցություններում առաջընթացի մասին: Նշվում է, որ հունվարին հաճախակի դարձած զինված բախումները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, թեև պակաս ինտենսիվությամբ, և փետրվարին հանգեցրել «կորուստների ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից»:

Ինչպես և ակնկալվում էր, կազմակերպության զեկույցում, որը տարիներ շարունակ «անաչառություն» է խաղում, հիշատակված չի ղարաբաղյան հակամարտ գոտում լարվածության իրական մեղավորը: Ընդհանուր առմամբ, ըստ ավանդույթի, ՄՃԽ-ն հրապարակում է առանձին իմաստով չծանրաբեռնված զեկույցներ ու հաշվետվություններ, որտեղ ուղղակի թվարկվում են ակնհայտ փաստերը, ինչպես նաև պարբերաբար, մոտավորապես տարին երկու անգամ, հանդես է գալիս մոտալուտ պատերազմի «կանխատեսմամբ»:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 23-ից լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ։

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Փետրվարի 6-ին Երևան այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել, որտեղ վերահաստատել էին մտահոգությունը՝ կապված շփման գծում ու սահմանին ոչ վաղ անցյալում իրավիճակի սրացման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ արել սեփական գործողություններում ու հայտարարություններում:

Կողմերը հայտարարել էին, որ մտադիր են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչը հատկապես վերաբերում է Սոչիի առաջիկա օլիմպիական խաղերի անցկացման ժամկետին: Սակայն ադրբեջանական ստորաբաժանումներն, անտեսելով կոչերն ու պայմանավորվածությունները, շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը: