4 մարտի 2014 - 13:56 AMT
Բաքուն հետ վերադարձրեց Ադրբեջանում գերեվարված Խոջոյանին․ Նա բազմաթիվ վնասվածքներ ունի (թարմացված)

Բաքուն վերադարձրել է Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին։ Ինչպես տեղեկացնում են ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակից, անձը հայաստանյան պաշտոնյաների խնամքին է հանձնվել ադրբեջանական Ղազախի և հայկական Իջևանի միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են վերջինիս մինչև հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրահանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ին հաստատել էր վերադարձման մասին տեղեկությունները՝ նշելով, որ հարցով զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), ովքեր արդեն մեկնել են սահման։

ՊՆ-ն երեկոյան հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցներով նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով պետհանձնաժողովի մամուլի քարտուղար Շահին Սահիլովն ադրբեջանական APA-ին ասել էր, որ այսօր՝ մարտի 4-ին, պլանավորվում է Մամիկոն Խոջոյանին հետ վերադարձնել հայկական կողմին՝ նշելով, որ հարցով զբաղվում է ԿԽՄԿ-ն։

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրություն: ՊՆ-ից հայտնել էին, որ այդ հատվածում տեղակայված զորամասերում ոչ մի բացակա զինվոր չկա: Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: Արդյունքներ դեռ չկան:

ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան փետրվարի 25-ին անդրադարձել էր Խոջոյանի հարցով բանակցություններին՝ նշելով, որ Կարմիր Խաչը կարող է հետ վերադարձնել գերուն, երբ կողմերն այդ մասին համաձայնության գան, բայց կարևոր է նաև գերու համաձայնությունը:

Բանակցություններ են տարվում նաև 2013-ի օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցով:

Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է 2013-ի օգոստոսի 8-ից, երբ չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: