7 մարտի 2014 - 10:34 AMT
Թուրքական բանտում դաժան են վարվում գրող Նիշանյանի հետ

Լեզվաբան և գրող Սևան Նիշանյանը, որը գտնվում է ազատազրկման մեջ ապօրինի շինարարության մեղադրանքով, այժմ ստիպված է քնել բանտախցի հատակին և զրկված է ցնցուղ ընդունելու հնարավորությունից, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Նիշանյանը տեղափոխվեց մեկուսարան, երբ նամակ գրեց հանրությանը՝ պարզաբանելով, թե ինչպես սկսվեց նրա դեմ ուղղված հետաքննությունը, երբ նա բացահայտեց իր վարկային քարտը գողացած բանտապանին: «Նիշանյանը տեղափոխվեց Բուրսայի փակ բանտ: Թորբալի բանտը հայտնի է կալանավորների հետ դաժան վարվեցողությամբ, մասնավորապես, նաև Նիշանյանի: Մենք ամաչում ենք մեր երկրի համար», ասել է Սաիդ Չեթինօղլուն, որը լեզվաբանի հետ համերաշխության խմբի անդամ է և նույնպես գրող է:

Խումբը մտադիր է դիմել միջազգային հանրությանը, քանի որ Նիշանյանը գտնվում է սարսափելի պայմաններում և չի ստանում բուժօգնություն, գրում է Asbarez-ը:

2011 թվականի մարտի 9-ին Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից որպես ապօրինի կառույցներ: Ինքը Նիշանյանն ընկալում է այդ որոշումը որպես ակցիա, ուղղված իր դեմ: Նա հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն կարող իրագործել իրենց որոշումը, քանի դեռ ինքը ողջ է: Նիշանյանն իր շինությունները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին:

2013 թ. մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:

2010 թվականին Նիշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Նիշանյանի մեկնաբանությունները «ստորացնում են Թուրքիայի Հանրապետությանը»:

2012-ին «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիային անվանեց «լրագրողների ամենամեծ բանտը»: Նիշանյանը կրում է պատիժը 2014 թ. հունվարի 2-ից: