10 մարտի 2014 - 20:59 AMT
Բրիտանացի լրագրող․ Ուկրաինայի «վերահաս» պատերազմն Արևմտյան առաջնորդներին պետք չէ

«Ուկրաինայի «վերահաս» պատերազմն Արևմտյան առաջնորդներին պետք չէ: Նրանք շատ արագ ինչ-որ բան կմտածեն` որևէ քաղաքական հնարք, որը թույլ կտա Ռուսաստանին գրավել Ուկրաինայի մի հատվածը` անվանելով այն ֆեդերատիվ հանրապետություն: Հայտնի չէ` ինչու են մեր մասնակցությամբ տեղի ունեցած նախորդ դարի երկու աշխարհամարտերը մեզնից այդքան հեռու սկսվել: Վստահ եմ, որ 1914-ի հունվարին մարդկանց մեծամասնությունն անկարող էր քարտեզի վրա գտնել Սարաևոն: Բայց մեզնից քանի՞սը... մեկ տարի առաջ կկարողանար քարտեզի վրա գտնել Սիմֆերոպոլը: Իսկ երեք շաբաթ առա՞ջ»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց, քանի որ բրիտանացիները չկարողացան ևս մեկ անարդար քայլ կատարել, ինչպես, օրինակ, Չեխոսլովակիայի դեպքում: «Խոսքը Լեհաստանի մասին է, որը, դժբախտաբար, սահմանակից է ժամանակակից Ուկրաինային»,- նշված է հոդվածում:

Հեղինակը տհաճ է անվանում միտքը, որ «չենք կարող Պուտինին թույլ տալ սպառնալ փոքրիկ Ուկրաինային, ինչպես թույլ տվեցինք Հիտլերին սպառնալ Լեհաստանին ու ներխուժել այնտեղ»: Բայց, անխոս, Պուտինը Հիտլերը չէ, և հարկ է մեր ենթագիտակցությունից դուրս մղել Երկրորդ համաշխարհայինը: «Բայց ինձ ապշեցրեց նախորդ շաբաթ Բրյուսելում հավաքված ԵՄ-ի` դեմքի լուրջ արտահայտությամբ խաբեբաների տեսքը: Այդ մարդիկ չունեն պատերազմի փորձ և կարծում են` բավական է միայն հայտարարել սպառնալիքների մասին և կարելի է գնալ տուն` մոռանալով «ճգնաժամի» մասին», - գրում է Ֆիսկը:

Իսկ Ուկրաինայի «ճգնաժամը» կամ «վերահաս պատերազմը» մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար, որը պետք է որ մեծ թեթևություն զգացած լինի` տեսնելով` ինչպես Պուտինը նույն վճռականությամբ օգնության ձեռք մեկնեց «ռուսական» Ուկրաինային, ճիշտ ինչպես Սիրիային, ենթադրում է Ֆիսկը:

«Ասադին դուր եկավ այն, ինչ տեսավ Սիմֆերոպոլում, թեև նկատեցի, որ նա ոչինչ չասաց Վիկտոր Յանուկովիչի անհաջողության մասին, և դա ինձ չի զարմացնում: Ասադը չի փախչել: Պուտինին, կարծում եմ, դա դուր եկավ ճիշտ այնպես, ինչպես այն փաստը, որ տիկին Քլինթոնը, ինքը Օբաման, Դևիդ Քեմերոնը, պարոնայք Օլլանդն ու Սարկոզին` բոլորը, որ մի քանի տարի առաջ բղավում էին, թե Ասադը կգնա, հեսա կգնա կամ գրեթե գնացել է, լիովին սխալվում էին»,- գրում է լրագրողը:

«Իսկ ի՞նչ իրականում մտածեցի, երբ տեսա` ինչպես այս բոլորը հանդիպեցին Բրյուսելում. «Որքան ուժեղ էլ չցավակցենք փոքրիկ պետությանը, որը դեմ առ դեմ հանդիպել է մեծ ու ազդեցիկ հարևանին, չենք կարող ամբողջ Բրիտանական կայսրությունը (կարդա` Եվրամիություն) ներքաշել պատերազմի մեջ», - Ֆիսկը մեջբերում է բրիտանացի վարչապետ Չեմբերլենի 1938-ի ելույթից, գրում է Inopressa-ն:

Ռոբերտ Ֆիսկը բրիտանացի լրագրող է, ներկայումս The Independent-ի թղթակիցը Մերձավոր Արևելքում: Մոտ 25 տարի ապրում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ֆիսկը շատ է գրում Հայոց ցեղասպանության և իսրաելապաղեստինյան հակամարտության մասին: Նա եղել է Երևանում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված դասախոսություններ կարդացել:

The New York Times-ի կարծիքով`«Ռոբերտ Ֆիսկը Մեծ Բրիտանիայի ամենահայտնի արտասահմանյան թղթակիցն է»: Նա մոտ 30 տարվա արտասահմանյան աշխատանքային փորձ ունի: Նրա ամենաաղմկահարույց ռեպորտաժների թվում են 70-ականների Բելֆաստի դեպքերը, 1979-ին Պորտուգալիայի «Կարմիր մեխակների հեղափոխությունը», 1975-90-թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1979-ի Իրանական հեղափոխությունը, 1990-1991թթ. Իրան-Իրաքյան պատերազմը, 1991-ի Պարսից ծոցի պատերազմը, 2003-ին իրաքյան ներխուժումը: Նա Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Բեյրությում գտնվող արևմտյան երկու լրագրողներից մեկն էր: Ֆիսկը ռեպորտաժներ է պատրաստել նաև արաբաիսրաելյան, Կոսովոյի և Ալժիրի հակամարտությունների ժամանակ: Նա տիրապետում է արաբերենին, երեք անգամ հարցազրույց է վերցրել Ուսամա Բեն Լադենից (1994-1997թթ.):