2 մայիսի 2006 - 14:46 AMT
Հրանտ Դինկին եւս մեկ դատական քննություն է սպասվում
Հայկական «Ակոս» թերթի խմբագիր, ծագումով հայ Հրանտ Դինկը անցյալ տարվա հոկտեմբերին վեց ամիս պայմանական կալանավորման էր դատապարտվել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի զանգվածային սպանություններին նվիրված հոդվածի համար, հայտնում է BBC-ն: Դինկի տվյալ գործը մի քանի գործերից մեկն է, որի զարգացմանը ուշադրությամբ հետեւում են Եվրամիության ներկայացուցիչները, ովքեր անհանգստացած են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման հարցով:

Փետրվարին Վերաքննիչ դատարանում գլխավոր դատախազության ներկայացուցիչները դիտարկել են Դինկի գործը եւ եկել են եզրակացության, որ հոդվածը վիրավորական չէ: Սակայն, ի զարկմանս շատերի, դատարանը հաշվի չառավ այդ որոշումը եւ գտավ, որ մեղադրանքը հիմնավորված է : Հայտնի խմբագիրը, ում գլխավորած «Ակոս» թերթը լույս է տեսնում հայերեն եւ թուրքերեն լեզուներով, մեղավոր էր ճանաչվել թուրք ազգի անարգման մեջ. դատարանը որոշեց, որ նրա հոդվածներից մեկում թուրքերի արյունը պղտոր է անվանվել:

Հրանտ Դինկը միշտ հերքել է, որ իր խոսքերը այդ իմաստն են կրել եւ պնդել է, որ իր հոդվածներով ինքը, իրականում, փորձել է բարելավել թուրքերի եւ հայերի առանց այն էլ բարդ հարաբերությունները: Այժմ Դինկի գործը նորից կվերադարձնեն տեղական դատարանի քննությանը, որը արդեն այն լսել է: Դինկի խոսքերով, «նա շատ վրդովված է վերաքննիչ դատարանի որոշմամբ»: «Ես ստիպված կլինեմ լքել երկիրը, եթե չկարողանամ դատարանի միջոցով մաքրել իմ անունը»,- հայտարարել է Դինկը:

Եվրոպական Միության ներկայացուցիչները անհանգստություն են հայտնել օրենսդրության այն հոդվածի կապակցությամբ, որը կիրառվում է Հրանտ Դինկի եւ այլ թուրք գրողների եւ լրագրողների նկատմամբ: Չնայած Թուրքիայում անցկացված մի շարք բարեփոխումներին` կապված նրա ԵՄ ընդգրկվելու բանակցությունների հետ, օրենսդրության մեջ մնացել են հոդվածներ, ըստ որոնց պատիժ է նախատեսվում թուրք ազգի, երկրի զինված ուժերի եւ դատական մարմինների անարգման համար, ընդ որում քննադատության եւ վիրավորանքի միջեւ սահմանը շատ դեպքերում հստակ չէ: Հայերի ճակատագիրը Օսմանյան Թուրքիայում շարունակում է «թեժ» թեմա լինել եւ հաճախ դատական հայցերի է առիթ
հանդիսանում:

Նշենք, որ Հրանտ Դինկի գործով հերթական դատական նիստը կայանալու է մայիսի 16-ին Ստամբուլում: