11 մարտի 2014 - 18:57 AMT
Ռուս փորձագետ. Ղրիմի և Արցախի ընդհանրությունը նախադեպային լինելն է

«Որաշակի ընդհանրություն կա Արցախի և Ղրիմի միջև: Առաջին հերթին դա նախադեպային լինելն է: Սա շատ կարևոր կողմ է: Մեզ մոտ Արևմտյան օրենքի ամբողջ համակարգը կառուցված է նախադեպերի վրա: Անգլիայի ու ԱՄՆ-ի իրավաբանական գրասենյակներում աշխատում են իրավաբանների օգնականներ, որոնց հիմնական զբաղմունքը իրենց հաճախորդի համար շահավետ դատարանի վճիռ գտնելն է: Հենց սա է հավասարությունը (հաճախ` երևակայական)` եթե նրան կարելի է, ապա ինչու ոչ ինձ»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է Alte et Certe վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը: Նրա կարծիքով, եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, կդառնա հզորագույն նախադեպ և Երևանի ու Ստեփանակերտի մոտ հարցը հենց այդ կերպ լուծելու գայթակղություն կառաջանա: Վերլուծաբանի կարծիքով, հենց դրանում է նմանությունը:

«Բայց կա նաև տարբերություն: Եթե այդ միավորումը կայանա, այն շատ լուրջ փոփոխություն կմտցնի ամբողջ հետբալթյան միջազգային իրավունքի ու խաղաղության համակարգում, որը կառուցված է սահմանների անխախտելիության սկզբունքի վրա: Թեև այս սկզբունքից շեղումներ Եվրոպայում քիչ չեն եղել, բայց միայն պետությունների հատվածների ինքնիշխանության ճանաչման տեսքով, բայց ոչ երբեք մեկ այլ պետությանը միանալու պայմանով: ԱՄՆ-ն իրեն չի բռնակցել Կոսովոն: Իսկ հիմա նոր նախադեպ է ձևավորվում, իսկ համակարգը կոտրելը միշտ էլ բարդ է: Այդ անել փորձող կողմը միշտ էլ ճնշումների է ենթարկվում գործող կանոնները պահպանել ձգտող ուժերի կողմից: Իրավիճակն այնպես է դասավորվել, որ Ռուսաստանը քիչ խոցելի կողմ է նման ուժերի համար: Ռազմական հակամարտություն այսպես թե այնպես չի լինի, տնտեսականը ավելի շատ կվնասի այդ անել փորձող երկրներին, իսկ քաղաքականն էլ այդքան սարսափելի չէ»,- ընդգծել է Եպիֆանցևը:

Նա նաև կարծում է, որ Ռուսաստանը համակարգը կոտրելու հնարավորություն ունի. «Իսկ Հայաստա՞նը: Արդյո՞ք այն իրեն բավական ուժեղ ու անխոցելի է համարում, որ չվախենա ուժեղների ճնշումներից: Հատկապես աշխարհագրական դիրքը հաշվի առնելով: Պատրա՞ստ են նրա քաղաքացիները տուժել տնտեսական պատժամիջոցների արդյունքում վատթարացող տնտեսական դրությունից: Նրանք պատրա՞ստ են Ադրբեջանի հետ պատերազմի, որը, ամենայն հավանականությամբ, կհաջորդի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նման ճանապարհի ընտրությանը: Ես չգիտեմ այս հարցերի պատասխանները, սրանց միայն Հայաստանը կարող է պատասխանել»,- ասաց ռուս վերլուծաբանը:

Մարտի 11-ին արտահերթ նիստի ընթացքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «ՂԻՀ և Սևաստոպոլ քաղաքի Անկախության հռչակագիրը»: Հռչակագրի ընդունմանը կողմ է քվեարկել Գերագույն խորհուրդի քվեարկությանը մասնակցած 81 պատգամավորներից 78-ը:

Արցախի Հանրապետությունը անկախությունը հռչակել է 1991-ի սեպտեմբերի 2-ին: