12 մարտի 2014 - 11:02 AMT
Ամերիկացի համանախագահ․ Հայաստանը ձգտում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման

Մարտի 11-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու վերաբերյալ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են նախորդ օրն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունն ու տպավորությունները։

Հանդիպումից հետո ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցությունները հաստատում են, որ Հայաստանը ձգտում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման։

«Փնտրելու ենք տարբերակներ երկխոսությունը շարունակելու համար»,- գրել է Ուորլիքը։ Ջեյմս Ուորլիքը ևս մեկ գրառում է կատարել, որտեղ նշում է, որ այսօր Ռուսաստանի հետ պատրաստվում են քննարկել ԼՂՀ հիմնախնդիրը։

«Վճռական ենք գործակցել նաև Ֆրանսիայի հետ խաղաղության ճանապարհը գտնելու ուղղությամբ»։

Մարտի 10-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) ու Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։

«Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր»,- երեկ տեղեկացրել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը՝ հավելելով, որ հանդիպմանն անհանգստություն են հայտնել հիմնախնդրի կարգավորման շուրջ։

Նրա խոսքով, Մամեդյարովը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը պատրաստ է խաղաղության բազմակողմ համաձայնագիր ստորագրել։ Բացի այդ, ադրբեջանցի նախարարն առիթը բաց չէր թողել ևս մեկ անգամ խոսել իրենց դիրքորոշման մասին, համաձայն որի «խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար առաջին հերթին անհարժեշտ է, որ Հայաստանն «օկուպացված տարածքներից» հանի իր զորքերը։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Twitter-ում մտահոգություն էր հայտնել, թե այն ժամանակ, երբ համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, հայկական և ադրբեջանական կողմերի միջև լարվածությունը կարող է սրվել: «Արդյո՞ք մենք անհանգստության առիթ ունենք», - գրել էր ամերիկացի դիվանագետը:

Ջեյմս Ուորլիքը նաև մեկնաբանել էր մարտի 10-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը. «Ադրբեջանի արտգործնախարարի հետ խաղաղ կարգավորման որոշ հիմնախնդիրների շուրջ արդյունավետ բանակցություններ ենք անցկացրել»,- գրել էր ամերիկացի միջնորդը:

Նա նաև հույս էր հայտնել առաջիկա ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ. «Միայն նրանք կարող են լուծել խաղաղ գործընթացի ամենակարևոր հարցերը»,- իր Twitter-ում գրել էր Ուորլիքը: